Հանրությունը հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք. աշխատանքային հրատապ խորհրդակցություն Արցախում

Հանրությունը հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք. աշխատանքային հրատապ խորհրդակցություն Արցախում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին հրավիրել է աշխատանքային հրատապ խորհրդակցություն, որին մասնակցել են խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, Արտաքին գործերի նախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Այս մասին իրազեկում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Երկրի ղեկավարը նշել է, որ հանդիպումը կայանում է Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պահանջով, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունը հանրության շրջանում  լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:

«Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք՝ կազմակերպելով շահագրգիռ ու բազմակողմանի քննարկումներ»,- ընդգծել է նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին մարտահրավերներին ուղղված հարցերի լայն շրջանակ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նույն խնդրով հանդիպել է Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց իսկ պահանջով։ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներն իրենց վրդովմունքն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման շուրջ արված հայտարարության վերաբերյալ՝ պահանջելով շտապ խորհրդակցություններ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ ներկայացնելու Արցախի իշխանությունների՝ այս առթիվ միասնական ու հստակ քաղաքական դիրքորոշումը:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ Արցախի իշխանությունները որևէ հանգամանքում չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից՝ խոստանալով կատարել հասարակական դաշտի ներկայացուցիչների պահանջը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում