Էստոնիայի ԱԳՆ-ն ցանկություն է հայտնել միանալ Ուկրաինայի համար արկեր գնելու գործընթացին

Էստոնիայի ԱԳՆ-ն ցանկություն է հայտնել միանալ Ուկրաինայի համար արկեր գնելու գործընթացին

Էստոնիան աջակցում է երրորդ երկրներից Ուկրաինայի համար զինամթերք գնելու Չեխիայի նախաձեռնությանը և կմասնակցի այդ գործընթացին։ ԻՆչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին Պրահայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։

«Մենք աջակցում ենք այդ նախաձեռնությանը, աշխատում ենք կոնկրետ առաջարկների վրա: Երկու շաբաթ առաջ Էստոնիայի կառավարությունը որոշեց Ուկրաինային հատկացնել 20 միլիոն եվրո արժողությամբ ռազմական աջակցության նոր փաթեթ։ Դրանով մենք աջակցել ենք չեխական նախաձեռնությանը»,- ասել է Ցահկնան չեխ գործընկեր Յան Լիպավսկու հետ բանակցություններից հետո:

Լիպավսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել էստոնացի գործընկերոջը՝ սույն նախաձեռնությանը մասնակցելու համար։ «Ես ողջունում եմ Էստոնիայի հետաքրքրությունը Չեխիայի նախաձեռնության նկատմամբ: Մենք կարծում ենք, որ Ուկրաինայի համարժեք պաշտպանությունը բոլորիս պաշտպանությունն է», - ասել է Լիպավսկին:

Ցահկնան նաև բարձր է գնահատել Չեխիայի բանակի ստորաբաժանումների գործունեությունը, որոնք մասնակցում են Լիտվայում և Լատվիայում իրականացվող առաքելություններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում