Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան. POLITICO

Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան. POLITICO

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Չինաստան: Այցի մանրամասները դեռ հստակեցվում են Պետքարտուղարության կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին POLITICO-ին հայտնել են նրա ժամանակացույցին ծանոթ աղբյուրները:

Այս այցը կլինի ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցը Չինաստան 2018 թ.-ից ի վեր, երբ այնտեղ էր այցելել այն ժամանակվա պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Ըստ աղբյուրներից մեկի՝ Բլինքենը Պեկին կմեկնի Մերձավոր Արևելքից. այժմ ԱՄՆ պետքարտուղարը Սաուդյան Արաբիայում է, որտեղ արդեն տարբեր հանդիպումներ է ունեցել:

Պետքարտուղարությունը և Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը չեն մեկնաբանել Բլինքենի այցի մասին տեղեկությունները:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վերջին շրջանում փորձում էր վերսկսել Պեկինի հետ դիվանագիտական և ռազմական հաղորդակցությունը, որ խաթարվել էր փետրվարին, երբ ԱՄՆ-ն խոցեց  Չինաստանի՝ ենթադրաբար լրտեսական օդապարիկը: Այն ժամանակ պլանավորված էր Բլինքենի այցը Չինաստան, սակայն այցը հետաձգվել էր օդապարիկի հետ կապված լարվածության պատճառով:

ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները լարված են նաև Թայվանին ԱՄՆ-ի կողմից զենք տրամադրելու, կիսահաղորդիչների արտահանման սահմանափակումների պատճառով:

Պեկինը քանիցս մերժել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի առաջարկը՝ հանդիպելու Չինաստանի պաշտպանության նախարար Լին Շանֆուի հետ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում