TikTok-ն ԱՄՆ-ում արգելվեց
ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի՝ երկրում, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելվում է հանրահայտ TikTok սոցիալական ցանցը։ Նախկինում չինական ByteDance ընկերությունը համաձայնել էր վաճառել հարթակը արգելքից խուսափելու համար, սակայն հետո՝ փոշմանել:
Ծառայությունը դադարեցրել է գործունեությունը ԱՄՆ-ում մինչև արգելքի ուժի մեջ մտնելը: Հավելվածը բացելիս օգտատերերը տեսնում են հաղորդագրություն այն մասին, որ TikTok-ն անհասանելի է:
«ԱՄՆ-ն օրենք է ընդունել, որն արգելում է TikTok-ը։ Ցավոք, սա նշանակում է, որ դուք դեռ չեք կարող օգտագործել TikTok-ը: Մենք բախտավոր ենք, որ նախագահ Թրամփը հստակ հասկացրել է, որ ինքը կաշխատի մեզ հետ TikTok-ը վերականգնելու լուծման վրա, երբ ստանձնի պաշտոնը: Խնդրում ենք հետևել թարմացումներին»,- ասվում է հավելվածի հաղորդագրության մեջ, որը ստացել են օգտատերերը:
Նախօրեին Դոնալդ Թրամփը NBC News-ին և ABC-ին ասել էր, որ մտադիր է TikTok-ին 90-օրյա հետաձգում տրամադրել։ ԱՄՆ նորընտիր նախագահը խոստացել է համապատասխան հայտարարություն անել երդմնակալությունից հետո։
«Ես, հավանաբար, կերկարացնեմ արգելանքը 90 օրով, ինչպես հավանաբար գիտեք: Ես պատրաստվում եմ դա անել, քանի դեռ հստակ չենք պարզել բոլոր մանրամասները»,- ասել է Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։
2024 թվականի ապրիլին ԱՄՆ Կոնգրեսը օրենք ընդունեց, որով ByteDance-ը պարտավորեցվում էր վաճառել հարթակն ամերիկյան ընկերությանը, հակառակ դեպքում՝ սոցցանցն արգելված կլիներ 2025 թվականի հունվարի 19-ից։
Ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ չինական TikTok-ը պոտենցիալ թույլ է տալիս Պեկինին տվյալներ հավաքել ամերիկացիների մասին և ազդել հասարակական կարծիքի վրա:
Հունվարի 10-ին ԱՄՆ Գերագույն դատարանի լսումների ժամանակ TikTok-ը ներկայացնող փաստաբանները և բովանդակություն ստեղծողները պնդել են, որ արգելքը կխախտի խոսքի ազատությունը հարթակի ավելի քան 170 միլիոն ԱՄՆ օգտատերերի համար:
TikTok-ը բազմիցս հերքել է, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն օգտագործում է ընկերությունը քարոզչության և չինական շահերը խթանելու համար։
Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դատարանին հետաձգել իր որոշումը, քանի դեռ ինքը չի վերադառնա Սպիտակ տուն, որպեսզի փորձի խնդրի «քաղաքական լուծում» գտնի:
«TikTok-ի վերաբերյալ իմ որոշումը կկայացվի մոտ ապագայում, բայց ես պետք է ժամանակ ունենամ՝ վերլուծելու իրավիճակը», - գրել է Թրամփը հունվարի 17-ին իր TruthSocial ցանցում:
Սպիտակ տունը հաստատում է, որ Թրամփը, ով պաշտոնը ստանձնել է հունվարի 20-ին, իսկապես պատասխանատվություն է կրելու օրենքի կիրարկման համար։
Չնայած TikTok-ի գործադիր տնօրեն Շոու Զի Չուն միշտ դեմ է եղել հարթակի մի մասի վաճառքին, պոտենցիալ գնորդները շարունակում են «հերթ կանգնել», առաջարկել ու սպասել:
Երեքշաբթի՝ հունվարի 14-ին, Bloomberg-ը հայտնել է, որ ընկերությունը դիտարկում է TikTok-ը միլիարդատեր Իլոն Մասկին վաճառելու հնարավորությունը, թեև ցանցը հետագայում այս լուրն անվանել է «մաքուր ֆանտաստիկա»:
Ի թիվս այլոց, գնման նկատմամբ հետաքրքրություն են հայտնել ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար (Թրամփի առաջին նախագահության օրոք) Սթիվեն Մնուչինը և միլիարդատեր Ֆրենկ Մաքքորթը։
Նախկինում TikTok հարթակում բազմաթիվ տեսանյութեր կային, որոնք պատմում էին, թե ինչպես օգտագործել VPN, եթե հարթակն արգելափակված է:
Բջջային սարքերից շատերը նաև թույլ են տալիս փոխել հավելվածների տարածաշրջանը, այնպես որ տեսականորեն յուրաքանչյուրը կարող է մուտք գործել այլ երկրների հավելվածներ: Այնուամենայնիվ, սա հղի է տեխնիկական դժվարություններով և կարող է խախտել օգտագործողի պայմանագրի պայմանները:
TikTok-ը պնդում է, որ ԱՄՆ-ում ունի 170 միլիոն օգտատեր, ովքեր 2024 թվականին հավելվածի վրա օրական միջինը 51 րոպե են ծախսել։
Աշխարհի շատ երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիան, TikTok-ն արդեն արգելվել է այն սարքերի վրա, որոնք օգտագործվում են պետական աշխատողների կողմից աշխատանքի համար: Որոշ երկրներում, օրինակ՝ Հնդկաստանում, այն ավելի ամբողջական արգելքի է բախվում։
Կարծիքներ