Երևանի և Ստեփանակերտի համագործակցության շրջանակում անցկացվել են մարզական խաղեր
Երևանում օգոստոսի 4-6-ն անցկացվեցին մարզական պատանեկան մրցաշարեր բասկետբոլ (աղջիկներ և տղաներ), վոլեյբոլ (աղջիկներ) և բռնցքամարտ (8 քաշային կարգերով) մարզաձևերից: Երևանի և Ստեփանակերտի մարզական համագործակցությունը սկիզբ է դրվել դեռևս 2014 թվականին, որից հետո յուրաքանչյուր տարի երկու մայրաքաղաքների մարզական համագործակցությունն իրականացվել է տարբեր մարզաձևերի մրցաշարերով։
Այս տարի առաջին անգամ երեք մարզաձևերից 4-ական թիմ իրականացրեց համատեղ մարզումներ՝ փորձի փոխանակման ու հետագա կապերը հաստատելու նպատակով: Անցկացվեցին ընկերական ստուգողական հանդիպումներ։ Բասկետբոլի տղաների մրցաշարն անցկացվեց «Երևանի Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճում: Բասկետբոլի աղջիկների խաղերն անցկացվեցին օլիմպիական ավանի մարզադահլիճում: Բռնցքամարտի մենամարտերը կազմակերպվեցին Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի մարզադահլիճում: Վոլեյբոլի աղջիկների խաղերն անցկացվեցին նախկին «Հավաքականների կենտրոն»-ի մարզադահլիճում:
Միջոցառման նախավերջին օրը Երևանի և Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները գավաթներով ու հուշադրոշներով պարգևատրեցին մասնակից բոլոր թիմերին:
Ստեփանակերտի մարզական պատվիրակության համար «Երևան սիթի տուր» ավտոբուսով կազմակերպվեց նաև շրջագայություն մայրաքաղաքում:
Միջոցառման բոլոր ծախսերն իրականացվել են Երևանի 2021թ. բյուջեով նախատեսված «Մարզական միջոցառումների կազմակերպում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ «Երևանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ-ի և «Աուտսորս» ՍՊԸ համատեղ համագործակցությամբ:
Կարծիքներ