Բլինքենն ու Ալիևը խոսել են Լաչինում տեղադրված նոր անցակետի մասին

Բլինքենն ու Ալիևը խոսել են Լաչինում տեղադրված նոր անցակետի մասին

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Իլհամ Ալիևին հեռախոսազրույցի մասին։

Ըստ հաղորդագրության, հեռախոսազրույցի ընթացքում Էնթոնի Բլինքենն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կարևորությունը, նշել, որ ԱՄՆ աջակցությունն այս համատեքստում կշարունակվի։ ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ հավատում է խաղաղության հասնելու հնարավորությանը։ Բլինքենն անդրադարձել է նաեւ ադրբեջանա-հայկական սահմանին սահմանային անցակետ կառուցելու խնդրին։

Ալիևն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը աջակցում է խաղաղության օրակարգին, և հենց Ադրբեջանն է նախաձեռնել խաղաղության պայմանագրի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների մեկնարկը։ Նա հայտարարել է, որ այդ համատեքստում Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է 5 սկզբունք՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան։

Ադրբեջանա-հայկական սահմանին՝ Լաչինի հատվածում սահմանային անցակետի կառուցման հետ կապված Ալիևն ասել է, որ այդ անցակետի տեղադրումն ապահովվել է Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների շրջանակներում և միջազգային բոլոր կանոններին համապատասխան։ Նա ընդգծել է, թե նպատակը ոչ թե երթևեկության սահմանափակումն է, այլ, ընդհակառակը, վերահսկողության ապահովումը։

Առանձին հաղորդագրություն է հրապարակել նաև Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը:

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է մասնավոր տրանսպորտի համար Լաչինի միջանցքի վաղաժամ բացման կարևորությունը և մտահոգություն հայտնել այնտեղ անցակետ ստեղծելու կապակցությամբ։ 

Բլինքենն իր համոզմունքն է հայտնել, որ «տարածաշրջանում խաղաղությունը պետք է և հնարավոր է», - նշել է Միլլերը։

«Նա նաև հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը, և ընդգծել Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր երթևեկության համար որքան հնարավոր է շուտ բացելու կարևորությունը»,- եզրափակել է Միլլերը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում