Մալիշկա համայնքում տեղի է ունեցել ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն
Հոկտեմբերի 26-ին Վայոց ձորի Մալիշկա համայնքում տեղի ունեցավ ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն: Կենտրոնը բացվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ՝ Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցությամբ և բարերար Արա Աբրահամյանի աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանը, ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, բարձրաստիճան այլ հյուրեր:
Բացման արարողության հյուրերին կենտրոնի ապագա սաները դիմավորեցին ավանդական աղ ու հացով, պարային գեղեցիկ կատարումներով, երգով և ասմունքով:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակից կողմերին, ում ջանքերի շնորհիվ այս գեղեցիկ նախաձեռնությունը հնարավոր դարձավ կյանքի կոչել, նշեց, որ «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ համագործացկության հաստատման պահից ի վեր ականատես ենք շոշափելի արդյունքների, որոնք կողմերի համատեղ ուժերով ներդրմամբ կրելու են շարունակական բնույթ.
«Տեխնոլոգիաների և գիտության մեր դարաշրջանում գիտելիքն է այն շարժիչ ուժը, որը կանխորոշում է մեր ապագան և ուղղորդում ողջ կյանքի ընթացքում։ Ռուսաց լեզվի կենտրոնը ոչ միայն հնարավորություն կընձեռի մեր երիտասարդներին բարելավելու ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և մշակույթի մասին իրենց գիտելիքները, այլև կարևոր հիմք կհանդիսանա կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման և ամրապնդման գործում»:
«Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում, ընդգծեց նման նախագծերի կարևորությունը ինչպես հայ-ռուսական մշակութային, կրթական և հումանիտար կապերի ամրապնդման և խորացման տեսանկյունից, այնպես էլ երեխաների կրթության գործում, քանի որ յուրաքանչյուր հզոր պետության հիմքում ընկած է կրթված երիտասարդությունը:
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի անունից դեսպանության խորհրդական Դմիտրի Կազմինը շնորհավորեց բոլոր ներկաներին ընդհանուր կարևոր իրադարձության՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար համագործակցության զարգացման ևս մեկ քայլի կապակցությամբ: Ներկաներին և երեխաներին շնորհավորեցին նաև Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Բելառուսի Հանրապետության դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխան:
Միջոցառման ավարտին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի անունից կենտրոնի սաներին նվիրեցին գրքեր, որոնք հնարավորություն կտան ծանոթանալ քաղաքի պատմությանը և հարուստ մշակույթին:
Վայոց ձորի մարզպետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի միջև համագործակցության շրջանակներում արդեն իսկ իրականացվում են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ Եղեգնաձոր և Վայք քաղաքների երեխաների համար:
Կարծիքներ