Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին․ Արսեն Ջուլֆալակյան
Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին: Այս մասին գրել է ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
23 տարի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի,Աշխարհի գավաթակրի,Օլիմպիական փոխչեմպիոնի նվաճված տիտղոսներ, աննկարագրելի զգացողություններ, անթիվ-անհամար հիշողություններ…
Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել Հայոց Հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ: Այդ զգացումն ուղղակի անկրկնելի է:
Իրականում շատ երկար կարելի է արտահայտվել, բայց կբավարարվեմ միայն շնորհակալական խոսքով, իսկ ավելի ծավալուն կխոսեմ մամլո ասուլիսի և հարցազրույցների ձևաչափով:
Առաջին հերթին շնորհակալ եմ ընտանիքիս և այն մարզիչներիս, ովքեր անշահախնդիր և իրապես նվիրվեցին այս ծանր գործին:
Ձեր շնորհիվ միայն հնարավոր եղան այս մեծ նվաճումները:
Շնորհակալ եմ ընկերներիս,ովքեր անկախ իրավիճակից, երբեք չլքեցին ինձ: Իհարկե, այդ շրջանակը լրջագույն ֆիլտրացիայի ենթարկվեց:
Շնորհակալ եմ գերմանական KSV Aalen 05 և ֆրանսիական C.P. Besançon ակումբներին,որոնցում ընդհանուր առմամբ 9 տարի հանդես եկա:
Թերագնահատել նրանց ներդրումը հաղթանակներիս և կայացմանս մեջ ուղղակի անհնար է: Եվ որ էլ ավելի կարևոր է, ձևավորվեցին շատ ջերմ, ընկերական հարաբերություններ և միջազգային կապեր:
Շնորհակալություն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին և երջանկահիշատակ սպորտի նախարարությանը՝ աջակցելու և գնահատելու համար արված աշխատանքը:
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ուրախացել և տխրել են իմ հաղթանակներով և պարտություններով:
Հպանցիկ նշեմ նաև չարախոսներին և վատաբանողներին: Կեցցե՛ք, ձեր քայլերով և ձեր առողջության հաշվին մոտիվացրեցիք ինձ և տվեցիք այն սպորտային ագրեսիան,որը երբեմն կարող էր պակասել: Շարունակե՛ք նույն ոճով:
Եվ իհարկե, շնորհակալություն սպորտային անաչառ լրագրողներին, ովքեր այդ ամենը լուսաբանեցին:
Հանրագումարի բերելով նվաճումները.
_ Օլիմպիական 3 խաղերի ուղեգրերի նվաճում(Պեկին, Լոնդոն, Ռիո):
_ Լոնդոն 2012-ի արծաթե մեդալ
_ Աշխարհի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ
_ Եվրոպայի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ
_ Աշխարհի գավաթի ոսկե և բրոնզե մեդալ
_ Ունիվերսիադայի բրոնզե մեդալ
_ Երիտասարդների աշխարհի չեմպիոն
_ Երիտասարդների Եվրոպայի առաջնությունների արծաթ և բրոնզ
_ Պատանիների Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն
_ Հայրենիքին մատուցած ծառայությունների 1-ին և 2-րդ աստիճանի մեդալ
_ ԵՊՀ Ոսկե մեդալ
_ ՀՀ 2012թ լավագույն մարզիկ
_ Սպորտի վաստակավոր վարպետ
հ.գ. սպորտային լրագրողներին լրացուցիչ տեղյակ կպահվի մոտակա մամլո ասուլիսի մասին»։
Կարծիքներ