Աֆղանստանի զինվորականները հետ են մղել թալիբների հարձակումը սահմանամերձ քաղաքի վրա

Աֆղանստանի զինվորականները հետ են մղել թալիբների հարձակումը սահմանամերձ քաղաքի վրա

«Թալիբանի» զինյալները հուլիսի 12-ին հարձակում են գործել Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բալխ նահանգի սահմանամերձ Հայրաթոն քաղաքի վրա, սակայն 7 զոհ են ունեցել և նահանջել: Այս մասին հայտնում է «Սինհուան»՝ վկայակոչելով տեղի ոստիկանության պետ Շաֆի Ֆաիզին։

Հայրաթոնը համարվում է առանցքային սահմանամերձ քաղաք, որը միացնում է Աֆղանստանը հարևան Ուզբեկստանի հետ: Այն նաև համարվում է գլխավոր առևտրային դարպաս երկու երկրների միջև։

«Թալիբանի» գրոհայինները, որոնք իրենց վերահսկողության տակ են վերցրել Տաջիկստանի հետ սահմանին գտնվող Քունդուզ նահանգի Շերհան-Բանդար հսկիչ անցակետը, առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այդ տեղեկությունը:

Մարտական գործողություններն ակտիվացել են Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո, և, ըստ հաղորդագրությունների, վերջին երկու ամսում «Թալիբան» շարժումը գրավել է ավելի քան 170 վարչական շրջան:

Կառավարական ուժերը փորձում են վերականգնել հսկողությունը կորցրած տարածքների նկատմամբ և վերջին մի քանի շաբաթների ընթացքում նրանց հաջողվել է ազատագրել մոտ 20 վարչական շրջան։ Թալիբների դիրքերի վրա ռազմական հարձակումը շարունակվում է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանում թալիբները հարձակվել են Քալայի Նաու քաղաքի վրա, կան զոհեր և վիրավորներ:

Մինչ այդ հայտնի է դարձել, որ թալիբները հարձակվել են Աֆղանստանում մեծությամբ երկրորդ քաղաքի վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում