«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի շրջանավարտները վերջին դասն ազդարարել են յուրատեսակ ցուցահանդեսով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի քաղաքապետարանում ներկա է եղել «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի շրջանավարտների «Վերջին դաս» միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին ողջունել են նաև Երևանի քաղաքապետի պաշտոնակատար և առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն և «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը:
Կրթահամալիրն այս տարի 72 շրջանավարտ ունի և ավանդաբար վերջին զանգն ազդարարում է ցուցահանդեսով: Այս տարի կազմակերպված ցուցահանդեսը կրում էր «Ես չեմ եղել Փարիզում» խորագիրը. շրջանավարտները յուրովի պատկերել էին իրենց պատկերացրած Փարիզն ու սերը Ֆրանսիայի հանդեպ՝ արտացոլելով հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները: Կրթահամալիրի սաները տարատեսակ առարկաներից ստեղծել էին նաև Էյֆելյան աշտարակի քանդակները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է կրթահամալիրի շրջանավարտներին և նրանց ծնողներին հիշարժան իրադարձության առթիվ:
«Այսօր պատիվ ունեմ ներկա լինելու վերջին դասի երրորդ արարողությանը և հիմա ավելի համոզվեցի, որ դպրոցն իր դրոշմն է թողնում աշակերտների և շրջանավարտների վրա: Վստահ եմ՝ այն ազդեցությունը, որն ունեցել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրն իր սաների վրա, ամբողջ կյանքում նրանց տանելու է դեպի լուսավոր ապագա, հաջողություններ, մեծ ձեռքբերումներ ու ստեղծարարություն: Ցուցահանդեսը, որն այստեղ ներկայացված է, շատ հետաքրքիր ու խոստումնալից է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ շրջանավարտներին մաղթելով նվիրական երազանքների իրականացում՝ հօգուտ մեր երկրի, քաղաքի ու պետության զարգացման:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը ևս շնորհավորել է շրջանավարտներին. «Տեսնում եմ, որ բոլորդ իսկապես ուրախ եք: Կարծում եմ՝ հենց այդպես էլ պետք է անցկացնել վերջին զանգը, որովհետև ի վերջո, դպրոցի հետ կապը, վստահ եմ, միշտ լինելու է: Սա բացառիկ կրթահամալիր է և կրթում է տաղանդավոր ու խոստումնալից երեխաների, որոնք մեր վաղվա արժանապատիվ քաղաքացիներն են լինելու: Շնորհավորում եմ և մաղթում եմ բարի երթ»:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, տպավորված շրջանավարտների աշխատանքների որակով, նրանց հետագա հաջողություններ է մաղթել. «Իսկապես շատ տպավորված եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ: Ինչպես կտավներն, այնպես էլ Էյֆելյան աշտարակի տարատեսակ քանդակները շատ հետաքրքիր ու տպավորիչ են: Գիտեի, որ հայ երիտասարդները շատ ստեղծագործ ու տաղանդավոր են, բայց որ այսքան, չէի պատկերացնում: Նրանց աշխատանքները խորհրդանշում են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամությունը: Հույս ունեմ՝ այս բոլոր երիտասարդները կսովորեն ֆրանսերեն և մի օր կլինեն Փարիզում»:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը:
«Երևանը մեր տունն է և Երևանը սիրող մարդիկ մեր կողքին են, որովհետև գիտեն, որ մեր շրջանավարտները որոշ ժամանակ անց ծառայելու են Երևանի և առհասարակ Հայաստանի Հանրապետության զարգացմանը: Սա է պատճառը, որ այս տարի մեր ավարտական միջոցառումը կազմակերպել էինք Երևանի քաղաքապետարանում»,- նշել է Ռուզաննա Երեմյանը՝ շրջանավարտներին մաղթելով նույնքան գունագեղ կյանք, ինչպիսին, որ այն եղել է կրթահամալիրում:
Կարծիքներ