Հայաստանում գյուղատնտեսությանը երբևէ նման ուշադրություն չի դարձվել. Արթուր Հովհաննիսյան
Նախորդող 3 տարիների ընթացքում բավականին մեծ առաջընթաց ենք գրանցել գյուղատնտեսության ոլորտում: Վստահորեն կարելի է արձանագրել, որ Հայաստանում գյուղատնտեսությանը երբևէ նման ուշադրություն չի դարձվել։ Գործողության մեջ են դրվել բազմաթիվ նոր ծրագրեր, իսկ գործող ծրագրերում իրականացվել են մի շարք էական բարելավումներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ ներկայացնելով մի քանիսը:
«Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում 764 շահառուի տրամադրվել է 1187 միավոր գյուղատնտեսական տեխնիկա՝ տրակտոր, կոմբայն և այլն,
գործարկվել է «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրը,
«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագրի շրջանակներում տրամադրվել է 191,5 մլն դրամի փոխհատուցում, որի արդյունքում շահագործման է հանձնվել 13 անասնաշենք, տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում տրամադրվել է 909 մլն ՀՀ դրամի աջակցություն,
ոչխարաբուծության և այծաբուծության ծրագրի շրջանակներում տրամադրվել է 309․9 մլն ՀՀ դրամի աջակցություն, իրականացվել են գարնանացան և աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրեր,
«Կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագրի շրջանակներում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար պետության կողմից տրամադրվել է 59,5 մլն դրամ, ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության համակարգը, որի շրջանակներում արդեն իսկ կնքվել է 3370 ապահովագրության պայմանագիր, պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերման ծավալները 2018-ի համեմատությամբ ավելացել են շուրջ 76%-ով։
Այս ամենին զուգահեռ ակտիվ աշխատանքներ են իրականացվում գյուղական համայնքների ենթակառուցվածքների, ոռոգման համակարգերի ստեղծման և արդիականացման ուղղությամբ։
Ընթացքում բազմաթիվ այլ ծրագրեր կան, որոնք 2021 թվականի համար ավելի լավ արդյունքներ են խոստանում»,- գրել է պատգամավորը:
Կարծիքներ