Առանց Երևանի և Բաքվի շահերը հաշվի առնելու՝ հնարավոր չէ իրավիճակի հանգուցալուծում․ Զախարովա
Ռուսաստանը գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման միջնորդական գործողություններում հարկավոր է հաշվի առնել երկու երկրների դիրքորոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Ֆրանսիայի նախագահի խոստումը՝ ակտիվացնել միջնորդական ջանքերը Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում։
«Մի կողմից՝ մենք բազմիցս ասել ենք այն մասին, որ ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, որոնք չեն կրկնօրինակում և, առավել ևս, չեն խաթարում այդ ջանքերը», - ասել է Զախարովան ճեպազրույցում։
Նա նաև նշել է, որ առանց երկու երկրների շահերը հաշվի առնելու՝ հնարավոր չէ «բավականաչափ թեժացած» իրավիճակի հանգուցալուծում։
«Մյուս կողմից, մեզ քաջ հայտնի է Ֆրանսիայի գործունեությունն այս ուղղությամբ։ Եվ ոչ պակաս կարևոր է այն, որ նման միջնորդական ջանքերի շրջանակներում պարզապես անհրաժեշտ է հաշվի առնել, առաջին հերթին, հակամարտության երկու կողմերի՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումը։ Եվ առանց դրա չարժե ակնկալել առանց այն էլ բավականաչափ թեժացած իրավիճակի կարգավորման որևէ առաջընթաց։ Սա ցանկացած միջնորդության ալֆան և օմեգան է», - նշել է Մարիա Զախարովան:
Կարծիքներ