Զվարթնոցում անցկացվել է «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով ցուցահանդես-համերգը

Զվարթնոցում անցկացվել է «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով ցուցահանդես-համերգը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով ցուցահանդես-համերգը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառման կազմակերպիչներն էին «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ները։

Ներկայացվել է «Գնդեվանքի գանձերը» ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Գնդեվանքի վանական համալիրի կրթամշակութային, հոգևոր գործունեության, ժառանգության հանրահռչակմանը: Ցուցադրվել են վանքի տարածքից հայտնաբերված նյութերը՝ եկեղեցական գույք, սպասք, լուսանկարների, չափագրությունների կրկնօրինակներ, ինչպես նաև ավանդազրույցներ, ոչ նյութական մշակույթի այլ տարրեր:

Ցուցադրությանը հաջորդել է համերգ, որի ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան)։ Դիրիժոր՝ Լյուք Բաղդասարյան (Շվեյցարիա): Մենակատար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։

Ծրագրում հնչել են Ալ. Հարությունյանի, Ղ. Սարյանի, Մ. Վարդազարյանի, Պ. Մասկանիի, Է. Բաղդասարյանի, Կոմիտասի, Էդ. Հովհաննիսյանի, Գ. Գյուրջիևի, Գ. Ֆորեյի, Հ. Մելիքյանի ստեղծագործություններից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում