Վանաձորցին շշով հարվածել է ընկերոջ գլխին, կոտրված շշի սուր եզրով անջնջելի այլանդակել դեմքը. Մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 47-ամյա տղամարդու կողմից ընկերոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ 2020թ. մայիսի 20-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Խնձորուտ փողոցի տներից մեկի ավտոտնակում, հարեւանների հետ հացկերույթի ժամանակ, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն եւ քաշքշուկ է սկսվել Վանաձոր քաղաքի 47-ամյա բնակիչի եւ վերջինիս 45-ամյա ընկերոջ միջեւ: Վիճաբանության ընթացքում ընկերոջ կողմից 47-ամյա տղամարդու մոր հասցեին հայհոյանքներ տալու պատճառով, վերջինիս ապակյա շշով հարվածել է ընկերոջ գլխին՝ ջարդելով շիշը, որից հետո ձեռքին մնացած կոտրված շշի սուր եզրով դիտավորությամբ հարվածել է նրա դեմքին՝ տղամարդու առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ առաջացնելով դեմքի անջնջելի այլանդակում:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վանաձոր քաղաքի 47-ամյա բնակիչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Կարծիքներ