Բաքուն և Երևանը սահմանազատման հարցում առաջընթաց են գրանցել. Օվերչուկ

Բաքուն և Երևանը սահմանազատման հարցում առաջընթաց են գրանցել. Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը առաջընթաց են գրանցել սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում, ինչը նպաստում է կայունությանը։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Հարցին, թե իր՝ ադրբեջանցի և հայ գործընկերներ Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի հետ համանախագահած եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է արդյոք աշխատել, Օվերչուկը ասել է. «Ֆորմալ առումով որևէ մեկը չի դադարեցրել դա: Մենք պարբերաբար շփվում ենք այդ թեմայով, բայց ոչ եռակողմ ձևաչափով: Իմ գործընկերները պարբերաբար հանդիպում են սահմանների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների շրջանակներում։ Այնտեղ շատ մեծ և լավ առաջընթաց է գրանցվել»։

Օվերչուկն ընդգծել է, որ սահմանի մի հատվածն արդեն սահմանազատվել և սահմանագծվել է, այժմ կողմերը պայմանավորվել են համապատասխան հարցում շարժվել հյուսիսից հարավ՝ սկսած Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հանգույցից:

«Մենք միշտ ողջունել ենք նման շփումները և համատեղ աշխատանքը, քանի որ այն, անկասկած, կնպաստի կայունությանը տարածաշրջանում, և միշտ առաջարկել ենք մեր աջակցությունն այս գործընթացին: Սա շատ կառուցողական գործընթաց է»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում