Պեկինում հեղեղումների զոհերի թիվն աճել է
Պեկինում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի, ևս 18-ը համարվում է կորած, հայտնել է փոխքաղաքապետ Սյա Լինմաոն։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր 11 զոհի մասին։
«Ցավոք, օգոստոսի 8-ի ժամը 24:00-ի դրությամբ քաղաքում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով զոհվել է 33 մարդ: Մահերի պատճառը հիմնականում հեղեղումներն են և բնակելի շենքերի ավերածությունները», - Սյա Լինմաոյի խոսքն է մեջբերում Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ընդհանուր առմամբ, հեղեղումներից տուժել է 1,29 մլն մարդ, ավերվել է 59 հազար շենք, 147 հազար շենք լրջորեն վնասվել է։ Հաշվարկվում է նյութական վնասը։
Անցյալ շաբաթ հորդառատ անձրևներից տուժել է Պեկինը և նրան շրջապատող Հեբեյի նահանգը. Չինաստանի մայրաքաղաքում տեղումների քանակը ռեկորդային է դարձել 140 տարվա դիտարկումների ընթացքում:
Կարծիքներ