Հաշվի առնելով ձյան առատ տեղումները՝ Արցախի ՆԳՆ-ն հորդորում է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները
Արցախի ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում անցած շաբաթ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 61 հաղորդում։
Շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, որից 27-ը նյութական վնասով, 1-ը՝ մարմնական։ Բուժհաստատություն է դիմել 2 քաղաքացի։
Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 22 վարորդ, 13-ը եղել է անսթափ վիճակում, 229 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
Ճանապարհատրանսպորտային պատահարներից մեկը գրանցվել է մարտի 16-ին՝ Ստեփանակերտ քաղաքում: Ժամը 22։15-ի սահմաններում Ստեփանակետ քաղաքի Ս.Դավթի, Պ.Սևակի և Իսակովի փողոցները հատող խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչների վարած «Հոնդա ֆիտ» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդները մարմնական տարբեր աստիճանի վնասվածներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Արցախի ՆԳ նախարարությունը երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում է
Հաշվի առնելով ձյան առատ տեղումները և դրա հետ ստեղծված իրավիճակը՝ դժբախտ ելքով դեպքերն ու արտակարգ պատահարները բացառելու նպատակով` խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, իսկ այս օրերին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է խարդախության 3, մարմնական վնասվածք հասցնելու 5, խուլիգանության 1, անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։ Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 4 դեպք և նախկինում կատարված 3 հանցագործություն:
2022 թվականի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումները վերահսկել են օպերատիվ իրավիճակը, կազմակերպել հանցավորության դեմ արդյունավետ պայքար և պահպանել կայուն հասարակական կարգ ու կանոն:
Կարծիքներ