Շրջանառության մեջ է դրվել Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախատեսվել են մի շարք էական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն կարգավորել աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծել իրավակիրառ պրակտիկայից բխող խնդիրները, ինչպես նաև օրենսգրքի կարգավորումները հնարավորինս համապատասխանեցնել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։
Նախատեսվող փոփոխություններով, օրինակ՝ առաջարկվում է մեղմացնել անհարգելի պատճառով աշխատանքային ամբողջ օրվա (հերթափոխ) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը։
Նախագծով սահմանվում է, որ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը աշխատողի կողմից աշխատանքային տարվա ընթացքում անհարգելի պատճառով անընդմեջ 3 աշխատանքային օր (հերթափոխ) կամ գումարային 10 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատանքի չներկայանալու դեպքում։ Ներկայիս կարգավորումների համաձայն՝ 1 օր անհարգելի բացակայությունն արդեն իսկ հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար։
Առաջարկվում է աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային պայմանագրերի լուծման պարագայում աշխատանքում մնալու երաշխիք սահմանել հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացողի կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, հարազատ եղբայր, տատ, պապ) համար։
Նախատեսվում է հստակեցնել աշխատողին ամենամյա արձակուրդի տրամադրման կարգավորումն այն դեպքերի համար, երբ աշխատողը երկուսուկես և ավելի աշխատանքային տարիներ անընդմեջ խուսափում է կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում, առաջարկվում է, որ աշխատողին ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը որոշվի գործատուի կողմից, իսկ ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին գործատուի անհատական իրավական ակտն ընդունել առանց աշխատողի՝ ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմումի առկայության: Այս կարգավորումը հնարավորություն կտա աշխատողներին հնարավորինս իրացնել իրենց հանգստի իրավունքը։ Միաժամանակ, աշխատողի հանգստի ապահովման օրենսգրքով նախատեսված երաշխիքի պահպանման նպատակով՝ ամրագրվել է գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ շուրջ երկուսուկես և ավելի տարի չի տրամադրում աշխատողին արձակուրդ։
Նախագծով ամբողջությամբ կարգավորվել են գործատուի ներքին և անհատական իրավական ակտերի՝ հրամանների, մասին աշխատողներին պատշաճ կարգով իրազեկման կամ տրամադրման հետ կապված ընթացակարգերը։
Վերանայվել է առանձին կատեգորիայի աշխատողների (օրինակ՝ պահակ) համար կիրառվող օրական 24 աշխատաժամանակի տևողությունը։ Այդ կատեգորիայի աշխատողների համար նախատեսվում է 24 ժամի փոխարեն սահմանել օրական 12 ժամ աշխատաժամանակ։
Նախագծով նախատեսվում է աշխատող երեխաների տարիքային շեմը սահմանել 14 տարեկանը։ Ներկայիս կարգավորումների համաձայն՝ աշխատող են համարվում նաև մինչև 14 տարեկան երեխաները, ինչը հակասում է Եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ կոնվենցիաների կարգավորումներին։
Կարծիքներ