Արցախում նվազել են կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանները

Արցախում նվազել են կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանները

Արցախում փետրվարի 10-ին իրականացված 42 թեստավորման արդյունքում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք:

Այս մասին տեղեկացրեց Արցախի առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը՝ հավելելով, որ հանրապետությունում կորոնավիրուսի նոր դեպքերը  նվազել են,  եզակի դեպքեր են գրանցվում:

«Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում կոնտակտավորների նկատմամբ  իրականացվում են  հետազոտություններ, իսկ վարակի օջախներում կատարվում են  ախտահանման աշխատանքներ: Կորոնավիրուսային հիվանդությամբ փետրվարի 11-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 8  վարակակիր, իսկ թեթև ձևերը՝ բժիշկների նշանակմամբ,  ամբուլատոր  բուժում են ստանում տնային պայմաններում:  Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2488 քաղաքացու հետազոտություն, որից դրական է արձանագրվել 485 թեստի պատասխան։ Ներկայումս համաճարակային իրավիճակն Արցախում լարված չէ և վերահսկելի է: Շարունակվում են իրականացվել հակահամաճարակային բոլոր միջոցառումները»,- մանրամասնեց Հարությունյանը՝ հորդորելով քաղաքացիներին  պահպանել Արցախի առողջապահության նախարարության կողմից առաջարկվող ցուցումները՝  կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար:

Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի   մարտ ամսից  առայսօր՝ Արցախում կատարվել է 19 հազար 886 լաբորատոր  հետազոտություն,  որից դրական է արձանագրվել 2369 թեստի պատասխան: 


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում