Սեր ու լավատեսություն. Գյումրու թատրոնում «Քեյս» ներկայացմամբ մեկնարկում է պրեմիերաների շարքը
Գյումրու Վ, Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ակտիվ շրջան է սկսվում: Մարտի 1-ից մանկակական ներկայացումներին գումարվում են նաև երեկոյան ներկայացումները:
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ առայժմ նախատեսում են խաղալ 18 ներկայացում: Ցանկը ներառում է արդեն հանդիսատեսի կողմից սիրված ներկայացումներ, սպասվում են նաև պրեմիերաներ:
«Սկսում ենք մեր առաջնախաղերը: Մարտի 7-ին թատրոնը կունենա նոր պիեսի առաջնախաղ: Խոսքը երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի «Քեյս» ներկայացման մասին է, որի բեմադրիչը ես եմ: Պիեսը նոր է գրվել, հատուկ թատրոնի համար: Մեզ համար սկզբունքորեն կարևոր է, որ 2021 թվականին թատրոնն ավելի շատ խոսի դրականի, լավատեսության մասին: Եվ հենց մեր այս նոր գործը սիրո մասին է, հավատարմության, կյանքի հնարավորությունների, արժեքների գնահատման»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը: Այս ներկայացման մեջ հիմնականում զբաղված են երիտասարդները: Լյուդվիգ Հարությունյանը վստահեցնում է, որ յուրաքանչյուր հանդիսատես իր կյանքի պատմությունից մի փոքրիկ մասնիկ կտեսնի: Ներկայացումը դիտելուց հետո շատերը կվերլուծեն ու կգնահատեն այն արժեքները, ինչ ունեն, կփորձեն նորը գտնել, բայց երբեք հինն արմատախիլ չանելով: Հանդիսատեսի արձագանքը շատ չուշացավ. մարտի 7-ին սպասվող առաջնախաղի տոմսերը գրեթե սպառված են:
Թատրոնում, ներկայացումներին զուգահեռ, նոր բեմադրական աշխատանքներ են ընթանում: Թատրոնի «Մհեր Մկրտչյան» բեմում աշխատանք է սկսվել, որի արդյունքում կրկին կլինի առաջնախաղ: Պիեսը կոչվում է «Քայլեր», որը բեմադրում է թատրոնի ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը: «Մհեր Մկրտչյան» երիտասարդական բեմում ծնվել են ներկայացումներ, որոնք շատ լավ ընթացք են ունեցել, մասնավորապես, «Անասնաֆերման», «Երկնագույն շան աչքերը» և այլն:
«Համավարակի ընթացքում մենք մի շատ կարևոր բան հասկացանք: Ստեղծագործող մարդը չի կարող երկար տանը մնալ: Իհարկե, այդ օրերին անսովոր էր դիմակով փորձեր անելը, սոցիալական հեռավորություն պահելը, բայց մենք կարողացել ենք նոր ներկայացումներ ստեղծել, խաղացինք նաև բացօթյա ներկայացումներ: Ամեն հնարավոր բան արեց աշխատակազմը, որ թատրոնը պարապուրդի չմատնվի, սակայն միանշանակ կարող եմ ասել՝ դերասանն ուզում է, որ հանդիսատեսը լինի դահլիճում»,- ասաց թատրոնի տնօրենը:
Լյուդվիգ Հարությունյանի խոսքով՝ շատ ոգևորում է այն, որ հանդիսատեսն այսօր ևս ձգտում է գալ թատրոն: Ու դա ոչ միայն Գյումրիում է նկատվում, այլև մյուս քաղաքներում: Դահլիճները լեփ-լեցուն են, ինչը, ըստ թատրոնի տնօրենի, պարտավորեցնում է, որպեսզի ավելի ակտիվ աշխատեն ու նորություններ ներկայացնեն: Լյուդվիգ Հարությունյանն ընդգծեց՝ թատրոնը ոչ միայն պետք է կրթի, այլև լավատեսություն հաղորդի հանդիսատեսին, փորձի ապրեցնել:
«Ինձ համար չի կարող ամեն ինչ միանշանակ «սև» լինել: Եթե այդպես է, ուրեմն մենք անելիք ու ասելիք չունենք: Դրա համար ես փորձում եմ ամեն ինչի մեջ լավ բան տեսնել: Ես չեմ կարող լավը չտեսնել այն դեպքում, երբ մանկական ներկայացումներին դահլիճում տեսնում եմ փոքրիկներին: Մենք մեր երխաների համար պետք է շարունակենք ապրել, և նրանց աչքերի արևը պետք է չկոտրել: Ես հավատում եմ, որ լավ է լինելու»,- ասաց թատրոնի տնօրենը:
Բուռն ստեղծագործական կյանքը շարունակվելու է տարվա ընթացքում, նաև սպասվում են հրավիրյալ բեմադրիչների ներկայացումներ: Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ ներկայացումներով, հյուրախաղերով կլինեն սահմանամերձ շրջաններում:
Կարծիքներ