Դրանք անձը հաստատող փաստաթուղթ են, բայց՝ ոչ քաղաքացիության․ Ղազարյանը՝ արցախցիների կապույտ անձնագրերի մասին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կապույտ անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են, դրանք որպես անձը հաստատող փաստաթուղթ կարող են կիրառվել, բայց՝ ոչ քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ։
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Ըստ նրա՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված և փախստական ճանաչված անձանց կարգավիճակի տրամադրումն իրականացվում է կոլեկտիվ կերպով, այս պարագայում՝ Կառավարության մեկ որոշմամբ․ «Փախստականի կարգավիճակ, ըստ էության, կոլեկտիվ կերպով շնորհվել է ԼՂ ողջ բնակչությանը։ Այս պահին կոնկրետ թիվ չկա ձեռքիս տակ, թե քանի արցախցի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»։
Ղազարյանը նշեց, որ բռնի տեղահանվածների համար ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը մաքսիմալ հեշտացված է. «Երևանի անձնագրային ծառայություններում մենք ներդրել էինք էլեկտրոնային հերթագրման համակարգ, ԼՂ-ից բռնի տեղահանվածները սպասարկվում են արտահերթ: Երևանում կգործի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից քաղաքացիության դիմումների ընդունման առանձին գրասենյակ, որ ավելի դյուրացնի, մարդկանց հերթեր, անհարմարություններ չպատճառի»։
Կարծիքներ