Արարատ Միրզոյանը օգոստոսի 31-ին Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ օգոստոսի 31-ին հանդիպելու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են Ռուսաստանի ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից: «Նախարարները հանգամանալից կքննարկեն բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում ՝ ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների համակարգման ուղղությամբ հետագա քայլերը: Կքննարկվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում և հումանիտար հարցերն ու Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Ակնկալում ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային փոխգործակցությանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Կարծիքներ