Միգրացիոն ծառայությունն այսուհետ կգործի նաև Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում
Այսուհետ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում կմատուցվի նաև Միգրացիոն ծառայության՝ օտարերկրացիներին աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման ծառայությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։
«Օտարերկրացի աշխատակից ներգրավել ցանկացող գործատուն workpermit.am հարթակով էլեկտրոնային հայտ է ներկայացնում։ Այն էլեկտրոնային տարբերակով շրջանառվում է իրավասու մարմինների միջև։ Դրական որոշման պարագայում օտարերկրացին ստանում է ծանուցում, որպեսզի ներկայանա Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ և վերցնի քարտը՝ աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը։
ԵԱՏՄ անդամ պետությունների` Հայաստանում աշխատող քաղաքացիներն անձամբ են գրանցվում workpermit.am կայքում, ավելի կարճ ժամկետում ստանում ծանուցում՝ ներկայանալու Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ և վերցնելու բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը՝ քարտի տեսքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Միգրացիոն ծառայության աշխատանքային միգրացիայի և մոնիթորինգի բաժնի մասնագետը կարող է իրականացնել նաև օտարերկրացի գործատուների օգտահաշվի ստեղծում։
Կարծիքներ