Սաակաշվիլին Միջազգային քրեական դատարան է ներկայացրել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին միջազգային փորձագետների զեկույցը
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախաձեռնությամբ իրավունքի ոլորտում միջազգային մասնագետները 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի հետաքննության գործով իրենց սեփական զեկույցն են ներկայացրել Միջազգային քրեական դատարան: Ինչպես գրում է apsny.ge-ն, այդ մասին Սաակաշվիլին հայտնել է Հաագայից՝ «Մթավարի» հեռուստաալիքի եթերում:
Սաակաշվիլին հայտնել է, որ վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հանձնարարությամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունը վերջին տարիներին փորձել է մեղադրել վրաց զինվորներին ռազմական հանցագործություններ իրականացնելու համար: Նախկին նախագահը կարծում է, որ այդ նպատակին հասնելու համար Վրաստանի ներկայիս իշխանություններն օգտագործում են արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիին և Պետանվտանգության ծառայությանը:
«Վրաստանի կառավարությունն արել է ամեն բան, որպեսզի ներկայացնի այնպիսի տեղեկություն, որը կմեղադրի Վրաստանի ԶՈՒ-ին և վրաց զինվորներին: Իվանիշվիլիի անձնական հանձնարարությամբ, Պետանվտանգության ծառայության մասնակցությամբ, նախարար Ցուլուկիանին արել է ամեն բան, որպեսզի իրագործվեն Ռուսաստանի պլանները և որպեսզի մեղադրվեն առնվազն երկու կողմերը: Սա ճշմարտությունը թաքցնելու համար մեծ դավադրություն է»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Զեկույցը ներկայացվել է ՄՔԴ-ի դատախազին: Ներկայում դատարանը քննում է հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել ինչպես օգոստոսյան պատերազմի ժամանակ, այնպես էլ ռազմական գործողություններից առաջ ու հետո՝ 2008 թվականի հուլիսի 1-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում:
Վրաստանը Միջազգային քրեական դատարան հայց էր ներկայացրել 2008 թվականին՝ Ռուսաստանին մեղադրելով իր տարածքում զինված հակամարտության ժամանակ հանցագործությունների համար:
Հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսին սկսվեց վրաց-օսական, նույն ինքը՝ վրաց-ռուսական պատերազմը, որը հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ»։ Այն տևեց 5 օր: Դրանից հետո ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։
Կարծիքներ