Շիրակի մարզի բնակիչը խոստովանել է, որ Պեմզաշենում սպանել է 31-ամյա կնոջն ու նրա երեխաներին. փնտրվում է ևս մեկ անձ
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Պեմզաշենում կատարված դաժան սպանության դեպքով համապատասխան որոնողական աշխատանքներ են տարվում՝ ևս մեկ անձի հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար:
Հաղորդագրության մեջ ասվում է.
«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Արթիկի բաժնի ծառայողները, համագործակցելով իրավապահ մյուս կառույցների և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, բացահայտել են Պեմզաշենում կատարված սպանությունները:
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:10-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ ոստիկանները ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի:
Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին:
Բացի այդ, ոստիկանությունը ներկայումս համապատասխան որոնողական աշխատանքներ է տանում՝ ևս մեկ անձի հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար:
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Դեպքի մանրամասները՝ առաջիկայում»:
Կարծիքներ