1 եվրոյով տներ վաճառելու առաջարկով հանդես է եկել իտալական ևս մեկ քաղաք
Իտալիայում շարունակվում է 1 եվրոյով տների վաճառքը: Նման տներ վաճառող քաղաքների շարքը համալրել է սիցիլական Տրոինա քաղաքը, որն ընդգրկված է Էննա գավառի կազմում:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, քաղաքում տասնյակ տներ են վաճառքի հանվել: Իրականում տեղական իշխանությունները նպատակ ունեն նոր բնակիչների գրավել, որոնք բնակություն կհաստատեն քաղաքի հնագույն թաղամասում: Այդ նպատակին հասնելու համար իշխանությունները հավանական գնորդներին օգնություն են առաջարկում տան վերանորոգման ծախսերի հարցում:
Քաղաքապետ Սեբաստիանո Ֆաբիոն հույս է հայտնել, որ անցյալ նոյեմբերին սկսված ծրագիրը հաջողություն կունենա և նոր կյանք կբերի քաղաքի պատմական հատվածին, որը դատարկվել է վերջին տասնամյակների ընթացքում, քանի որ բնակիչներից շատերը տեղափոխվել են առավել ժամանակակից քաղաքներ:
Քաղաքապետի խոսքով՝ մոտ հարյուր տներ ևս կմիանան վաճառվողների թվին, երբ համաձայնություն ձեռք բերվի նախկին սեփականատերերի հետ:
Գնորդները մեկ եվրո վճարելուց բացի պարտավորվում են 5000 եվրոյի չափով ավանդ ներդնել որպես երաշխիք, որը կվերադարձվի վերանորգման աշխատանքներն ավարտելուն պես: Վերանորոգման աշխատանքները պետք է ավարտին հասցվեն երեք տարվա ընթացքում:
Նշենք, որ Իտալիայում վերջին տարիներին գնալով ավելանում է նման պայմաններով տներ վաճառող քաղաքների թիվը, որոնց մեծամասնությունը՝ Սիցիլիայի շրջանում:
Կարծիքներ