ԱՀ նախագահը հանձնարարել է միջինը քսան տոկոսով բարձրացնել բյուջեից վճարվող աշխատավարձերը ու սոցիալական վճարները

ԱՀ նախագահը հանձնարարել է միջինը քսան տոկոսով բարձրացնել բյուջեից վճարվող աշխատավարձերը ու սոցիալական վճարները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված սոցիալական ոլորտի խնդիրների վերհանմանը, դրանց ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի մշակմանն ու գործարկմանը, ինչպես նաև կրթության ու առողջապահության ոլորտների մի շարք հարցերի։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախ քննարկվել է ՀՀ կառավարության հետ համատեղ մշակված՝ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներին դրամական աջակցության տրամադրման նոր ծրագիրը, որն արդեն գտնվում է վերջնականացման փուլում։

«Համապարփակ քննարկումների արդյունքում նաև որոշում է կայացվել ԱՀ պետական բյուջեի միջոցներով Արցախի բնակիչների ստվար հատվածի առաջիկայում տրամադրել լրացուցիչ միանվագ դրամական աջակցություն, որը թույլ կտա որոշակիորեն մեղմացնել հետպատերազմյան շրջանում առկա սոցիալ-կենցաղային դժվարությունները։

Երկրի ղեկավարը նշել է, որ, բացի միանվագ դրամական աջակցության ծրագրերից, անհրաժեշտ է մշակել և ներդնել այնպիսի գործիքակազմ, որը թույլ կտա երկարաժամկետ կտրվածքով էականորեն նպաստել Արցախի բնակչության սոցիալական երաշխիքների ապահովմանն ու կենսամակարդակի բարձրացմանը։ Այս ուղղությամբ Արայիկ Հարությունյանն, առաջին հերթին, հանձնարարել է համապատասխան մարմինների պատասխանատուներին արդեն 2022 թվականի հունվարի 1-ից վերանայել պետական բյուջեից վճարվող բոլոր աշխատավարձերի, կենսաթոշակների և սոցիալական այլ վճարների չափերը՝ միջինը քսան տոկոսով բարձրացնելով դրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Արցախի նախագահը նաև հետաքրքրվել է առողջապահության համակարգի բարեփոխումների ընթացքով: Նա հանձնարարել է կարճ ժամկետում ավարտին հասցնել անվճար առողջապահության ծրագիրը՝ դրա հետ մեկտեղ աշխատելով առողջապահության համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ ԱՀ նախագահն իր դժգոհությունն է հայտնել կառավարության կողմից Արցախի բուհերի առկա համակարգի բակալավրիատի ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագրի իրականացման ընթացքից: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է օր առաջ լուծում տալ նշված հարցին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում