Չադը Ֆրանսիայից պահանջել է դուրս բերել զորքերը մինչև հունվարի 31-ը
Չադի իշխանությունները Ֆրանսիայից պահանջել են երկրի տարածքից բոլոր զինվորականներին դուրս բերել մինչև 2025 թ. հունվարի 31-ը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Ֆրանսիայի RFI ռադիոկայանը։
Ռադիոկայանի տվյալներով՝ Փարիզը ստացել է հրահանգ, որ բոլոր ֆրանսիացի զինվորները մինչև հունվարի 31-ը հեռանան երկրից։
«Ընդամենը յոթ շաբաթ, որպեսզի դուրս բերվեն հազար զինվորները և մեծ քանակությամբ տեխնիկան, դա անհնարին է», - մեջբերում են զանգվածային լրատվամիջոցները ֆրանսիացի բարձրաստիճան զինվորականի խոսքը:Ավելի վաղ մի քանի ֆրանսիական Mirage կործանիչներ հեռացել են Նջամենայի ավիաբազայից։ Եվս 150 ֆրանսիացի զինվորականներ Չադից կտարհանվեն սկսած հաջորդ շաբաթվանից, նշում է ռադիոկայանը։
Իր հերթին The Associated Press գործակալությունը նշում է, որ Չադի հայտարարությունից հետո Սենեգալի նոր նախագահն ասել է, որ «ակնհայտ է», որ ֆրանսիացի զինվորները պետք է հեռանան Սենեգալի հողից։
Չադի հայտարարությունից մեկ օր անց Ֆրանսիայի իշխանությունները հայտարարեցին, որ «սերտ երկխոսության» մեջ են երկրի իշխանությունների հետ՝ համագործակցության ապագայի հարցով։ Վերջին տարիներին Ֆրանսիայի զինված ուժերը դուրս են բերվել Նիգերից, Մալիից, Բուրկինա Ֆասոյից։
Կարծիքներ