Որոնք են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները․ պարզաբանում է վարչապետը
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական կլինի, եթե հայկական և ադրբեջանական կողմերը հավատարիմ մնան այդ սկզբունքներին:
Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օենքի նախագծի նախնական քննարկումներում:
«Ըստ էության, պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են: Եվ, եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, ապա խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»,- ասաց վարչապետը:
Վերջինս հիշեցրեց այդ սկզբունքները՝
Առաջին՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառ. կմ է, Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քառ. կմ: Վարչապետը նկատեց, որ այդ թվերի ճշգրտությունը նաև քննադատությունների առարկա ու թիրախ է դառնում․ «Պայմանավորվածությունը ձեռք է բերվել քաղաքական մակարդակում: Եվ հիմնական գաղափարը եղել է հղում անել կողմերի ազդեցությունից դուրս գտնվող ինչ-որ մի աղբյուրի և հիմք վերցնել այդ թիվը՝ հասկանալով, որ հետագա քննարկումների և համաձայնությունների ընթացքում տեղի է ունենալու դեմարկացիա, դելիմիտացիա: Այս թվերը վերցված են Խորհրդային միության վերջին հանրագիտարաններում արձանագրվածից: Դրանում Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանական Խորհրդային Սոցիալասիստական Հանրապետության տարածքի մասին արձանագրումներն են»:
Երկրորդ սկզբունքը հետևյալն է՝ կողմերը համաձայնվում են դելիմիտացիա իրականացնել Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Դա նշանակում է ելնել այն իրողությունից, որ Խորհրդային միության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ, որոնց անխախտելիությունը կողմերը ճանաչում են Ալմաթիի հռչակագրով․ «Դելիմիտացիայի գործընթացում առանցքային նշանակություն ունի նաև Ալմաթիի հռչակագրի ընդունման պահի դրությամբ առկա իրադրությունն արձանագրող քարտեզների առկայությունը: Ըստ էության, կողմերի տիրապետության տակ կան քարտեզներ, որոնք արտահայտում են այդ իրողությունները: Հետևաբար, կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում այս գործընթացով նույնպես բավականին արագ ու արդյունավետ հնարավոր է առաջ գնալ»։
Երրորդ սկզբունքն այն է, որ բացվում են տարածաշրջանային հաղորդակցությունները՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա, և տարածաշրջանային հաղորդակցությունները գործելու են փոխադարձության և հավասարության հիմունքներով:
Նրա խոսքով՝ վերջին սկզբունքով է, որ հայկական կողմն իր դիրքորոշումն ամփոփել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:
Կարծիքներ