Ինքնազննման պարզ մեթոդ, որը թույլ կտա ինքնուրույն հայտնաբերել չարորակացող խալը
Մելանոման մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկն է, ուստի այն ժամանակին հայտնաբերելը շատ կարևոր է հիվանդության բարեհաջող բուժման համար։ Այս հիվանդությունը շատ հաճախ է զարգանում հասարակ խալի չարորակացման հետևանքով, սակայն բավական ուշադիր լինելու դեպքում կարելի է ժամանակին նկատել անբարենպաստ փոփոխություններն ու միջոցներ ձեռնարկել։
Մելանոման հնարավորինս շուտ հայտնաբերելու ամենաարդյունավետ միջոցը պարբերաբար АВСDE մեթոդով ինքնազննումն է, նշում են մասնագետները։ Այս մեթոդը ենթադրում է ինքնուրույն բուժզննում, որի ժամանակ ուշադրություն է դարձվում խալի որոշակի առանձնահատկություններին։
АВСDE-ն հապավում է, որում А-ն « Asymmetry»-ն (անհամաչափություն) է, B-ն «Border»-ը (սահմաններ), C-ն «Color»-ը (գույն), D-ն «Diameter»-ը (տրամագիծ), իսկ E-ն «Evolving»-ը (զարգացում)։ Սա նշանակում է, որ այս պարզ մեթոդով խալը ստուգելու և հնարավոր մելանոման հայտնաբերելու համար հարկավոր է շատ ուշադիր զննել այն՝ հետևելով հնարավոր անհամաչափություններին, սահմանների փոփոխությանն ու հստակության կորստին, գույնի ու չափերի փոփոխությանն ու օջախի հետագա զարգացումը։
Մասնագետների խոսքով՝ խալի ցանկացած փոփոխություն էլ արդեն իսկ լուրջ պատճառ է բժշկին դիմելու համար։ Հարկ է հիշել, որ որքան շուտ է հայտնաբերվում հիվանդությունը, այնքան մեծ է բարեհաջող բուժման հավանականությունը։ Բացի այդ, հարկ է հիշել նաև, որ այս հիվանդության զարգացմանը նպաստող հիմնական գործոնն արևի ճառագայթների տակ չափազանց երկար ժամանակ գտնվելն է, ուստի հիվանդությունից պաշտպանվելու համար հարկավոր է անպայման արևապաշտպան քսուք օգտագործել և հնարավորինս քիչ ժամանակ անցկացնել արևի այրող ճառագայթների տակ, գրում է slovodel.com-ը։
Կարծիքներ