«Աերոֆլոտ»-ի տեղեկատվական համակարգերը խափանվել են. տասնյակ չվերթներ չեղարկվել են

«Աերոֆլոտ»-ի տեղեկատվական համակարգերը խափանվել են. տասնյակ չվերթներ չեղարկվել են

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը հուլիսի 28-ին հայտարարել է, որ ավիաընկերության տեղեկատվական համակարգերում խափանում է տեղի ունեցել, ինչի պատճառով թռիչքների ժամանակացույցը կարող է փոփոխվել, չվերթները կարող են հետաձգվել կամ չեղարկվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը, «Աերոֆլոտ»-ը չի մանրամասնել, թե ինչն է խափանման պատճառը, թե քանի չվերթի վրա կարող է ազդել խափանումը կամ որքան ժամանակ կպահանջվի կանոնավոր չվացուցակին վերադառնալու համար։

«Մասնագետների թիմն այժմ աշխատում է արտադրական թռիչքների պլանի կատարման ռիսկերը նվազագույնի հասցնելու և ծառայությունների բնականոն գործունեությունը արագ վերականգնելու ուղղությամբ», - հայտնել է ավիաընկերությունը։

Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր գրեթե 50 չվերթի չեղարկման մասին։

Ավիաընկերության աշխատանքի մասշտաբային խափանման ֆոնին Silent Crow և «Киберпартизаны BY» ցանցահենային խմբավորումները հայտարարել են, որ իրականացրել են «երկարատև և մասշտաբային գործողություն», որի արդյունքում «ամբողջությամբ վնասվել և ոչնչացվել է «Աերոֆլոտ»-ի ներքին ՏՏ ենթակառուցվածքը»:

«Կոմերսանտ» թերթի տվյալներով՝ ցանցահենները պնդում են, որ մեկ տարի շարունակ «գտնվել են» «Աերոֆլոտ»-ի կորպորատիվ ցանցի ներսում: Արդյունքում, իբր, ոչնչացվել են մոտ 7 հազար սերվերներ (ֆիզիկական և վիրտուալ) և ձեռք են բերվել թռիչքների պատմության տվյալների բազաներ, կոտրվել են բոլոր կրիտիկական կորպորատիվ համակարգերը, վերահսկողություն է ստացվել աշխատակիցների,  այդ թվում՝ ղեկավարության անհատական համակարգիչների նկատմամբ, ինչպես նաև «պատճենահանվել են տվյալները գաղտնալսման սերվերներից» և անձնակազմի հսկողության և վերահսկողության համակարգերից:

Ստացված տեղեկատվության ծավալը ցանցահենները գնահատել են 12 տերաբայթ տվյալների բազա։ «Այս բոլոր ռեսուրսներն այժմ անհասանելի են կամ ոչնչացված, վերականգնումը կպահանջի, հնարավոր է, տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Վնասը ռազմավարական է», - թերթը մեջբերում է Silent Crow-ի հայտարարությունը, որը հրապարակվել է Telegram-ում։

Հաղորդվում է, որ Մոսկվայի դատախազությունը ստուգումներ է անցկացնում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում