Քոչարյանի տեսակապի և քաղաքական հավակնությունների վերլուծություն

Քոչարյանի տեսակապի և քաղաքական հավակնությունների վերլուծություն

Ռոբերտ Քոչարյանի տեսակապն իր աջակիցների հետ, ինչպես և կարելի էր ակնկալել, օգտագործվեց որպես ինքնափիառի, սեփական «տեսակը», «կամքը», «կենսագրությունը», գովերգելու հերթական հարթակ։ Կարելի է միայն ենթադրել, որ  խորհրդատուների կողմից նման միջոցներով հասարակական ատելությունը հաղթահարելու հնարավորության մասին առաջարկները լուրջ են ընդունվում և իրականացվում են, քանի որ ակնհայտ է, որ թեև որպես պետական-քաղաքական գործիչ Քոչարյանի գործունեության դրական կամ բացասական կողմերի վերաբերյալ դեռ շատ կլինեն վերլուծություններ, սակայն որպես անհատ՝ նրա ինքնասիրահարվածությունը կարծես թե սահմաններ չի ճանաչում։ Դա գիտակցում են նաև սեփական շահերն այդ հիմքի վրա կառուցող «աջակիցները», որոնք «բազմահազար արտասվող տղամարդկանց» մասին պատմությունների միջոցով Քոչարյանի նկատմամբ հոգեբանական ազդեցության լծակներ են ձեռք բերում և ի նպաստ իրենց իրացնում։

Այնուամենայնիվ, եթե նույնիսկ փորձենք գնահատել տեղի ունեցող գործընթացը որպես քաղաքական դաշտի վերաձևման փորձ, հարկ է դառնում ընդգծել կանխատեսումների իրականացման ցածր հավանականությունը։ Քոչարյանը խոսում է «արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի միավորման», մեկ այլ դեպքում՝ «ազգի համախմբման գործում» սեփական ներդրման մասին՝ ակնհայտորեն իրեն պատկերացնելով այդ միավորումների առանցքում։ Կարևորելով «աջակիցներից»-«թիմակիցների» անցումը՝ նա կրկին անգամ ընդգծում է իշխանությունից հեռացված մարգինալների շրջանակում նեղ անձնական շահերի առանցքը որպես առաջնահերթություն դիտարկելու և «արդար կերպով լուծում տալու» իր պատրաստակամությունը։ Սակայն Քոչարյանը ոչ միայն անտեսում է Հայաստանի ժողովրդի մոտ իր անհուսալիորեն ցածր հեղինակությունը, այլև հաշվի չի առնում խիստ սահմանափակ սոցիալական կապիտալ ունեցող հատվածում այդ ռեսուրսի համար ներքին պայքարը։ Այլ խոսքով՝ ակնկալվող ներքին աջակցության սուղ պաշարը մոբիլիզացնելու հնարավորություն ունեցող սուբյեկտների փոխհարաբերություններում ևս ամեն ինչ չէ, որ հարթ է, և այդ շրջանակում բոլորը չէ, որ կհամաձայնեն համախմբվել Քոչարյանի անձի շուրջ։ Այս առումով զարմանալի չէ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չցանկացավ միանալ ՍԴ դիմելու ԲՀԿ կողմից առաջարկվող ձևաչափին, ինչը կարող էր ուղղակի ազդեցություն ունենալ Քոչարյանի նկատմամբ քննվող իրավական գործընթացի վրա։

Ամփոփելով կարելի է եզրակացնել, որ ներկա իրողություններում Ռոբերտ Քոչարյանը, որպես ներքաղաքական հակաիշխանական համախմբման գործոն, ակտուալ չէ։ Նախ, ի հակադրություն իր պատկերացումների, նրա քաղաքական նկրտումների նկատմամբ հասարակական հիմնավորված անհանդուրժողականության մակարդակը դեռևս մնում է շատ բարձր, իսկ մյուս կողմից՝ ներկա իշխանությանը տրամագծորեն հակառակ դիրքավորված փոքր հատվածի աջակցության համար Քոչարյանի հետ մրցակցում են համարժեք, եթե ոչ ավելի մեծ մեկնարկային հնարավորությունների տիրապետող դերակատարներ։

 

Ռոբերտ Ղևոնդյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում