ՀՀ ՊՆ պաշտոնակատարը շատ կարևոր գործուղմամբ Մոսկվայում է. Անդրանիկ Քոչարյան
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը կարևոր գործուղման մեջ է՝ Մոսկվայում:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը առավոտյան շատ կարևոր գործուղում է մեկնել Մոսկվա՝ մեր ռազմաքաղաքական համագործակցության շրջանակում», ասաց Քոչարյանը:
Նա նշեց՝ նախարարը կգա և եթե նպատակահարմար գտնի, որոշ փակագծեր կբացի:
Քոչարյանն ինքը առավոտյան է վերադարձել Մոսկվայից, մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի՝ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստին, հանդես է եկել Կովկասում տիրող իրավիճակի մասին զեկուցմամբ: «Եվ մեր գնահատականները բավականին խիստ են եղել նաև ՀԱՊԿ-ի դանդաղկոտության հետ կապված: ՀԱՊԿ-ն այնպիսին է, ինչպիսին այսօր կա: Բայց ՀԱՊԿ-ն ունի հնարավորություն, և այսօրվա մեր իրողությունները և իրավիճակները թելադրում են, որ ՀԱՊԿ կառույցները լուծեն իրենց առջև դրված խնդիրը և դուրս գան այդ դանդաղկոտության վիճակից և դառնան ավելի կենսունակ, խնդիրներ լուծող»,- ասաց նա:
Ավելի վաղ՝ մայիսի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ առաջիկայում սպասվում է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի այցը ՌԴ:
Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Կարծիքներ