Ուկրաինան ռուսական գազին փոխարինող է գտել
Ջեռուցման սեզոնի ընթացքում գազի սակավության դեպքում Ուկրաինան կարող է վառելիք գնել Սլովակիայից։ Риа новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է երկրի էներգետիկայի փոխնախարար Մաքսիմ Նեմչինովը 1+1 հեռուստաալիքի եթերում։
«Այսօր մենք ունենք բավականաչափ բնական գազ մեր պահեստներում, ուզում եմ նաև ընդգծել, որ նույնիսկ դեֆիցիտի դեպքում մենք հնարավորություն ունենք այն ներկրել»,- ասաց նա։
Փոխնախարարը բացատրեց, որ Սլովակիայից հնարավոր է վառելիք ներկրել։ Նա նաև հայտարարել է, որ ուկրաինական «Նավթոգազը» ունի բավարար միջոցներ և GTS հզորություններ՝ գնումներ կատարելու համար։
Միաժամանակ նա հավելել է, որ գազի կանխատեսվող գինը, որը Ուկրաինան կարող է գնել ձմռան վերջին, կազմում է մոտ 26 հազար գրիվնա (մոտ հազար դոլար) հազար խորանարդ մետրի դիմաց։
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել էր, որ Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերի հետ քննարկել է Ուկրաինա գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը։ 2015 թվականի վերջից Կիևը գազ չի գնում Ռուսաստանից ուղղակիորեն, այլ այն ստանում է, այսպես կոչված, վիրտուալ ռեվերսի միջոցով։ Ուկրաինայի իշխանությունները նշում են, որ Ռուսաստանից ուղղակի վառելիքի ներկրումը կվտանգի երկրի ինքնիշխանությունը։
Հոկտեմբերի վերջին Ուկրաինայի ստորգետնյա պահեստարաններում բնական գազի պաշարները կազմել են մոտ 18,5 միլիարդ խորանարդ մետր, ինչը ավելի քան մեկ երրորդով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Միաժամանակ նոյեմբերի 9-ի դրությամբ ծավալը նվազել է մինչև 17,6 մլրդ.
Կարծիքներ