Կարեն Գիլոյանը շնորհավորել է Ալբերտ Ազարյանի 92-ամյակը
Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանն այսօր նշում է ծննդյան 92-ամյակը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Ալբերտ Ազարյանի անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց և շնորհավորել լեգենդար մարզիկին: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ անգնահատելի է Ալբերտ Ազարյանի ներդրումը հայկական սպորտի զարգացման և աշխարհին մեր երկիրը պատվով ներկայացնելու գործում:
«Ջերմորեն շնորհավորում եմ: Ակնածանքով եմ հետևում Ձեզ և Ձեր ընտանիքին: Չկան բառեր, որոնց միջոցով հնարավոր կլինի բնութագրել Ձեր մեծությունը: Դուք քայլող լեգենդ եք: Մաղթում եմ քաջառողջություն և երկարակեցություն, որպեսզի դառնաք աշխարհի ամենատարեց օլիմպիական չեմպիոնը և երկար կրեք այդ կոչումը»,- ասել է Կարեն Գիլոյանը և հավելել, որ Ալբերտ Ազարյանը և՛ որպես անհատականություն, և՛ որպես մարզիկ բացառիկ օրինակ է կրտսեր սերնդի համար:
«Օղակների արքան» վստահեցրել է, որ իրեն 29 տարեկան է համարում և այդպես երիտասարդ էլ կմնա, եթե մերօրյա սերունդը շարունակի իր գործն ու հաջողություններ գրանցի: Նշենք, որ տոնական տորթը և Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի զարդարանքը ևս ոչ պատահականորեն «29» գրառմամբ էին:
Հավելենք, որ այսօր ՀՄՖ նախագահ Գագիկ Վանոյանն էլ Ալբերտ Ազարյանին շնորհել է առաջին անգամ տրվող «ՀՄՖ պատվո նշան (001)» և մաղթել, որ լեգենդար մարզիկը դեռ երկար տարիներ իր փորձը, գիտելիքներն ու քաջալերումը փոխանցի ներկա և ապագա մարզիկներին:
Կարծիքներ