Բալին օտարերկրացի զբոսաշրջիկների համար փակ կմնա մինչեւ տարեվերջ

Բալին օտարերկրացի զբոսաշրջիկների համար փակ կմնա մինչեւ տարեվերջ

Ինդոնեզիայի առողջարանային Բալի կղզին օտարերկրացի զբոսաշրջիկների համար մինչեւ 2020 թվականի վերջը փակ կմնա կորոնավիրուսի հետ կապված իրադրության ֆոնին: Այդ մասին հաղորդել է Jakarta Post թերթը:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ կղզին օտարերկրացի զբոսաշրջիկների համար կբացվի սեպտեմբերի 11-ին:

«Կառավարությունը (Ինդոնեզիայի) առաջվա պես բնակչությանն արգելում է ճանապարհորդություն կատարել արտասահման, համենայն դեպս՝ մինչեւ 2020 թվականի վերջը: Այս քաղաքականությանը համապատասխան, մենք նաեւ չենք կարող օտարերկրացի զբոսաշրջիկների համար դարպասները բացել մինչեւ 2020 թվականի վերջը, քանի որ իրադրությունն Ինդոնեզիայում, ներառյալ Բալին, դեռ բավարար չափով անվտանգ չէ»,-հրատարակությունը մեջբերում է Բալիի նահանգապետ Վայան Կոստերի խոսքը:

«Հարկավոր է, որ մենք զգույշ լինենք, մենք չպետք է շտապենք: Փորձելով վերականգնել զբոսաշրջությունը՝ Բալին չպետք է անհաջողություն ունենա, քանի որ դա վատ կանդրադառնա Ինդոնեզիայի իմիջի վրա»,-հավելել է նա:

Ներկայում տեղի իշխանությունները պլանավորում են հիմնական ուշադրություն հատկացնել տեղի զբոսաշրջիկների ներգրավմանը: Ինչպես գրում է հրատարակությունը, Բալի կղզին տնտեսության առումով լրջորեն տուժել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Առնվազն 2667 մարդ, որոնք զբաղված էին զբոսաշրջության սեկտորում, զրկվել են աշխատանքից, եւս ավելի քան 73 հազարը հարկադրված են եղել անցնել չվճարվող արձակուրդի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում