Մեդվեդևը նշել է 4 սցենար, որի դեպքում ՌԴ-ն կարող է միջուկային զենք կիրառել

Մեդվեդևը նշել է 4 սցենար, որի դեպքում ՌԴ-ն կարող է միջուկային զենք կիրառել

Ոչ ոք «ոչ մի տեսակի պատերազմ» չի ցանկանում, սակայն միջուկային հակամարտության վտանգը միշտ կա, ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ոչ ոք ոչ մի տեսակի պատերազմ չի ցանկանում, հատկապես միջուկային պատերազմն առհասարակ սպառնալիք է մարդկային քաղաքակրթության գոյությանը», - ասել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը:

Մեդվեդևի խոսքով՝ ՌԴ նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան փաստաթղթում շարադրված են բոլոր այն հիմքերը, թե երբ Ռուսաստանը միջուկային զենք օգտագործելու իրավունք ունի։

Ըստ պաշտոնյայի՝ առաջինն այն հիմքն է, երբ Ռուսաստանը միջուկային զենքի կիրառմամբ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Երկրորդ հիմքը միջուկային զենքի ցանկացած այլ օգտագործումն է երկրի կամ նրա դաշնակիցների դեմ: Երրորդը կրիտիկական ենթակառուցվածքների վրա հարձակումն է, որի արդյունքում կաթվածահար կլինի ռուսական միջուկային զսպման համակարգը։ Չորրորդ պատճառը կարող է լինել Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ ագրեսիայի ակտը, երբ երկրի գոյությունը վտանգված է։

Ինչպես պարզաբանել է Մեդվեդևը, վերջին սցենարը ենթադրում է պատասխան, նույնիսկ եթե Ռուսաստանի դեմ միջուկային զենք չի կիրառվել:

Անվտանգության խորհրդի փոխնախագահը նշել է, որ նման տարբերակներ նախանշել է միայն «քանի որ իրեն համապատասխան հարց է տրվել»։ Ըստ Մեդվեդևի՝ Ռուսաստանի իշխանությունները ելնում են նրանից, որ բանակցություններն ու դիվանագիտությունը միշտ էլ լավագույն ճանապարհն են:

«ՆԱՏՕ-ի երկրների միջուկային զենքի թիրախները մեր երկրի տարածքում գտնվող օբյեկտներն են, իսկ մեր մարտագլխիկներն ուղղված են Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղակայված թիրախներին։ Այդպիսին է կյանքը։ Ուստի պետք է միշտ մտածել այդ մասին և վարել պատասխանատու քաղաքականություն»,- ընդգծել է նա։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում