Ֆրանսիայի առողջապահության նախարարը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի անկման մասին երկրում
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակը սկսել է անկում ապրել: Այս մասին նա հայտնել է երեքշաբթի` նոյեմբերի 17-ին, BFMTV-ին տված հարցազրույցում: Ընդ որում, ըստ քաղաքական գործչի, վիրուսը շարունակում է ակտիվորեն տարածվել երկրում, իսկ Ֆրանսիան դեռ հեռու է հաղթանակից COVID-19-ի նկատմամբ:
Այժմ Ֆրանսիայում կարանտինային խիստ միջոցառումներ են շարունակում գործել, իսկ դուրս գալ տնից կարելի է միայն հարգելի պատճառով: Երկրում լոքդաունի ռեժիմը ներդրվել էր մինչեւ դեկտեմբերի 1-ը, սակայն, ըստ Օլիվիե Վերանի, դրանից հետո Ֆրանսիայի բնակիչները կրկին պետք է հատուկ ձեւաթուղթ լրացնեն փողոց դուրս գալու համար:
Իսկ հնարավոր կլինի արդյոք ազատ տեղաշարժվել երկրում Սուրբ Ծննդյան արձակուրդների ընթացքում` առողջապահության նախարարը չի հստակեցրել: Ըստ նրա` կառավարությունում այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել, սակայն դա կախված կլինի առաջիկա շաբաթների հիմնական համավարակային ցուցանիշներից:
«Ես չեմ կարող խոստանալ, որ Սուրբ Ծննդյան տոներին մենք կարող ենք հավաքվել երկրի ցանկացած մասում»,- ասել է Օլիվիե Վերանը:
Ավելի վաղ ֆրանսիական մի շարք ասոցիացիաներ երկրի իշխանություններին կոչ արեցին մեղմել կարանտինային միջոցառումները: Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայում ցույցեր անցկացվեցին, որոնց մասնակիցները պահանջում էին թույլ տալ կրոնական արարողություններ անցկացնել լոքդաունի ընթացքում: Բիզնեսի ներկայացուցիչները եւս կառավարությանը խնդրեցին թույլ տալ մինչեւ դեկտեմբերի 1-ը բացել ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների խանութները: Մարզասրահների տերերը, ինչպես նաեւ տարբեր մակարդակների մարզիկները եւս սահմանափակումների մեղմացման հույս ունեն: Կառավարությունում դեռ չեն արձագանքել այս կոչերին:
Կարծիքներ