Առնվազն զավեշտալի են բողոքի ակցիաների կազմակերպիչների պնդումները, թե իբր քաղաքն են պարալիզացրել. Տարոն Չախոյան
Առավոտյան 08։00-ից մեկնարկած ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցել է ընդամենը 730 մարդ։
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը: Ամբողջական գրառումը՝ ստորև.
«Ակնհայտ է, որ անգամ ուժերի գերլարումից հետո ցուցարարներին չի հաջողվում իրենց շուրջ համախմբել հանրության լայն շրջանակներ։ Ավելին՝ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաներն ու հանրահավաքները գնալով դառնում են էլ ավելի սակավաթիվ։
Թերևս, սա է պատճառը, որ ցուցարարները ստիպված եղան 11։30-ի դրությամբ դադարեցնել բողոքի ակցիաները, որոնք շատ ժամանակ ընթանում էին քաղաքացիների հետ վիճաբանություններով։
Եվ առնվազն զավեշտալի են բողոքի ակցիաների կազմակերպիչների այն պնդումները, թե իբր քաղաքն են պարալիզացրել կամ շենքեր են շրջափակել»:
Նշենք, որ այսօր առավոտյան ընդդիմադիրները վերսկսել էին բողոքի անհնազանդության գործողությունները: Նրանք փորձել էին փակել փողոցներ, սակայն ոստիկանները կարճ ժամանակում բացել էին դրանք:
Ըստ ոստիկանության՝ մայրաքաղաքում փակ փողոցներ չկան: Վերջին տվյալներով՝ բերման է ենթարկվել ակցիայի 414 մասնակից:
Կարծիքներ