ՍԱՊԾ գլխավոր մասնագետ-տեսուչը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.918.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն. ՔԿ

ՍԱՊԾ գլխավոր մասնագետ-տեսուչը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.918.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն. ՔԿ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչի կողմից ապօրինի վարձատրության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Այս մասին ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում  իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ապօրինի վարձատրություն ստանալու և տալու դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչը, 2010-2019թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը և պաշտոնի անձնագրով  ունենալով մարզի տարածքում սննդամթերքի բնագավառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների դեպքերում սննդամթերքի արտադրության, պահպանման, տեղափոխման, իրացման, վաճառքի կասեցման, խախտումների վերացման, ինչպես նաև սննդամթերքի օգտագործման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականություն, ծառայողական դիրքն օգտագործելով՝ Վարդենիսի տարածաշրջանում մսամթերքի փորձաքննություն իրականացնող ԱՁ-ի տնօրենից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.918.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն՝ իր լիազորությունների շրջանակներում վերջինիս օգտին վերոնշյալ պարտականությունները չկատարելու համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ ԱՁ-ի տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում