Ազգային ժողովը «проходной двор» չէ, որ երբ ուզես մտնես ու դուրս գաս. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրների բացակաների մասին
Նստաշրջանի ավարտից հետո ես կարող եմ ընդդիմադիր պատգամավորների բացակաների հարցը դիտարկել: Քննարկել այդ հարցը ԱԺ խորհրդի նիստում և դրանից հետո գործընթաց սկսել:
Այս մասին այսօր Factor TV-ի հետ զրույցում հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա հայտնեց, որ կան պատգամավորներ, որոնք արդեն անցել են այն բացակայությունների թույլատրելի շեմը.«Պետք է քննարկենք և հասկանանք, կարո՞ղ ենք այս բացակաները հարգելի համարել, թե՝ ոչ: Դրանից հետո որոշում կկայացվի: Վստահ եմ՝ կգնանք օրենքի ճանապարհով»:
Սիմոնյանը նկատեց՝ իրենք օրենքի վերաբերող հարցերում քաղաքական որոշումներ չեն կայացնում.«Օրենքն ասում է՝ յուրաքանչյուր խմբակցություն կարող է բոյկոտել մեկ անգամ: Կներեք, բայց Ազգային ժողովը «проходной двор» չէ, որ երբ ուզես մտնես ու դուրս գաս, նսիտերին չգան ու հետո ասեն՝ սա է իմ քաղաքական գործունեությունը»:
Հարցադրմանը՝ կարծում է ընդդիմադիր պատգամավորները պետք է մանդատից զրկվե՞ն, ԱԺ նախագահը հայտնեց, որ խիստ է մտադրված.«Բայց չեմ ցանկանում իմ կարծիքով հիմա կանխորոշում անել: Բայց ես խիստ եմ տրամադրված»:
Կարծիքներ