Պակիստանի բնակչուհին «բժշկողի» խորհրդով մեխ է խփել գլխին
Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգի ոստիկանությունը փնտրում է մի կնոջ, ով մեխ է խփել իր գլխին, որպեսզի արու զավակ ծննդաբերի: Փնտրվում է նաև կնոջը նման խորհուրդ տված «բժշկողը»։ Այս մասին հայտնում է Dawn հրատարակչությունը։
Սոցցանցերում տարածվել է գլխին մեխով կնոջ ռենտգենյան լուսանկարը: Այժմ տեսախցիկների կադրերի օգնությամբ իրականացվում է տուժած կնոջ նույնականացում, պարզաբանել են իրավապահները։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։
Նյարդավիրաբույժը պատմել է, որ տուժածն արյունահոսություն է ունեցել, երբ նրան հոսպիտալացրել են։ Նախքան վիրահատարան տեղափոխելը կինը ստացել է առաջին բուժօգնություն: Բժշկի խոսքով՝ կինը պատմել է, որ այն շրջանում, որտեղ ապրում է, մի կին նույնկերպ է վարվել և տղա է ծնել, թեև հետազոտությունները ցույց էին տվել, որ երեխան աղջիկ է։
Մեխը խորը մխրճվել էր կնոջ գանգի մեջ: Նա տանը ուշագնաց է եղել, և հարազատները փորձել են ինքնուրույն հանել մեխը։ Ավելի ուշ բժիշկները հաջողությամբ հեռացրել են մեխը նրա գլխից։
Հիվանդանոցի աշխատակիցները լրագրողներին հայտնել են, որ, ըստ նախնական տվյալների, տուժածը երեք դուստրերի մայր է։ Ամուսինը, իբր, սպառնացել է թողնել նրան, եթե չորրորդ աղջիկը ծննդաբերի:
Կարծիքներ