Հայաստանի նկարիչների միությունում բացվել է անդամակցության հավակնորդ արվեստագետների «Վարկանիշային» ցուցահանդեսը

Հայաստանի նկարիչների միությունում բացվել է անդամակցության հավակնորդ արվեստագետների «Վարկանիշային» ցուցահանդեսը

Հայաստանի նկարիչների միությունում փետրվարի 21-ին բացվել է «Վարկանիշային-23» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը ներկայացնում է այն արվեստագետների աշխատանքները, որոնք ցանկանում են ընդգրկվել միության շարքերում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Շնորհավորելով ցուցադրության բոլոր մասնակիցներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ներկայացված բոլոր աշխատանքները և ցուցադրության շրջանակում դրանք դիտելու հնարավորությունը:

«Մշակույթը պետք է ավելի մեծ դեր զբաղեցնի մեր կյանքում, և նաև ձեր միջոցով է, որ պետք է հասնենք այդ ամենին: Ուրախ եմ, որ ստեղծագործում եք. շատ հաճախ արվեստի միջոցով մենք կարողանում ենք փոխանցել այն կարևոր ուղերձները, նշանակությունն ու արժեքները, որոնց արտահայտման համար բառերը չեն բավարարում, սակայն պատկերներն ու գույները առավել խոսուն են: Ուրախ եմ նաև, որ ընտրել եք կերպարվեստի լեզուն՝ ձեր ասելիքը և կարևոր ուղերձները հասարակությանը փոխանցելու համար: 2022 թվականից նախարարության աջակցությամբ դպրոցներում իրականացվում է «Դասարվեստ» կրթական ծրագիրը, որի շրջանակում երեխաներին ներկայացվում են մեր մեծանուն նկարիչների ստեղծագործությունները: Այս ծրագրի միջոցով դպրոցականները հնարավորություն են ունենում առնչվելու արվեստին, հասկանալու՝ ինչպես գնահատել ստեղծագործությունները, ճանաչել և հաղորդակից լինել արվեստի գործերին: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ձեր կտավների միջոցով ևս երեխաները կհաղորդակցվեն արվեստին: Ձեզնից յուրաքանչյուրն այսօր մեր երիտասարդներին ցույց է տալիս նաև այն ուղին, որով կարող են գնալ և ընտրել իրենց մասնագիտությունը, զարգացնել կարողությունները»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և շնորհավորել ցուցադրության մասնակիցներին նկարիչների միության անդամ դառնալու կապակցությամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև  միության նախագահին՝ ոլորտում ակտիվ գործունեության, ձևավորված ընդհանուր հարթակի համար, որտեղ ստեղծագործողներին հնարավորություն է ընձեռվում  ընդլայնել հնարավորությունները: 

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի ներկայացմամբ՝  ցուցադրությունում ներառված են միության անդամ չհանդիսացող նկարիչների աշխատանքները. «Ժյուրիի կողմից ընտրված աշխատանքների հեղինակները ստանում են մեկ միավոր, իսկ հինգ միավոր ձեռք բերելու պարագայում հայտ ներկայացնելու հնարավորություն են ստանում՝ Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու համար»: Սուրեն Սաֆարյանը շնորհավորել է հաղթողներին, իսկ այն մասնակիցներին, որոնք միավոր չեն ստացել, հորդորել է կրկին փորձել:  Միության նախագահի խոսքով՝ այս տարի մասնակիցների թիվն աննախադեպ մեծ էր. շուրջ 300 մասնակից ներկայացրել էր մոտ 800 աշխատանք:

ԿԳՄՍ նախարարն ու  նախարարի տեղակալը շրջել են ցուցահանդեսում, դիտել ցուցադրված ստեղծագործությունները։ 

Նշվում է, որ «Վարկանիշային» խորագիրը կրող ցուցահանդեսը ներկայացված է Հայաստանի նկարիչների միության երեք հարկերում և կգործի փետրվարի 21-25-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում