Համաձայնագրի վավերացման արդյունքում Չինաստանը Հայաստանին 100 մլն յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի

Համաձայնագրի վավերացման արդյունքում Չինաստանը Հայաստանին 100 մլն յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման արդյունքում Չինաստանը Հայաստանին 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի, որը կօգտագործվի Հանրային հեռուստաընկերության հեռարձակման դահլիճի նախագծման, շինարարության եւ այլ՝ փոխհամաձայնեցված նախագծերի իրականացման համար:

Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։

Ըստ աղբյուրի՝ ««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը փետրվարի 21-ի քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովն օրենքի նախագծին դրական եզրակացություն է տվել:

Նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին:

Օրենքի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ասել է, որ Չինաստանի հետ համագործակցության զարգացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ձեւավորվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, կնքվել են 5 տասնյակից ավելի համաձայնագրեր եւ հուշագրեր, անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ:

ՀՀ ԱԳ փոխնախարարը հավելել է, որ անցած ավելի քան 3 տասնամյակների ընթացքում երկու երկրների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք համաձայնագրեր են կնքվել, որոնք էապես նպաստել են մի շարք բնագավառներում առկա փոխգործակցության խորացմանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում