Բայդենը հրաժարվել է ճանաչել Ուկրաինային վերաբերող ռուսական «կարմիր գծերը»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի ընդունի որևէ մեկի «կարմիր գծերը» Ուկրաինայի հարցում և մտադիր է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ երկար զրույց ունենալ։ Այս մասին Բայդենը լրագրողներին ասել է Քեմբ-Դևիդի (Մերիլենդ նահանգ) իր նստավայր ուղևորվելուց առաջ, փոխանցում է Reuters գործակալությունը։
«Մենք վաղուց գիտենք Ռուսաստանի գործողությունների մասին։ Ակնկալում եմ, որ երկար զրույց կունենանք Պուտինի հետ»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ խոսելով ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրադրության մասին։
Պետության ղեկավարը նաև մեկնաբանել է հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը «կարմիր գծեր» է համարում մասնավորապես ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի մոտեցումը ռուսական սահմաններին, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում հարվածային համալիրների և հիպերձայնային զենքի տեղակայումը։
«Ես չեմ ճանաչում ոչ մեկի կարմիր գիծը»,-ընդգծել է Բայդենը։
Նոյեմբերի 2-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «կարմիր գիծ» կդառնա Ռուսաստանի համար։
Կարծիքներ