ՀՔԱՎ-ը պահանջում է Սալման Մուկաևի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակել
2021 թ․ հոկտեմբերի 26-ին epress.am կայքը հրապարակել է «Սալման Մուկաևի կյանքը վտանգված է․ Հայաստանը կարող է հանցակցել» վերնագրով նյութը, որում ներկայացված են Սալման Մուկաևի նկատմամբ Չեչնիայում կիրառված անմարդկային վերաբերմունքի տվյալներ։ Այդ նյութում նաև նշվում է՝ «Այժմ Սալմանը Հայաստանում է»։ Սալման Մուկաևի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարված, այդ իսկ պատճառով սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ սահմանապահները նրան թույլ չեն տվել հատել Հայաստանի սահմանը և գնալ Եվրոպա։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն ստանալու հարցումներ է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ոստիկանություն՝ այն մասին, թե սահմանապահները իրավական ինչ հիմնավորմամբ են արգելել Սալման Մուկաևի ելքը՝ ՀՀ տարածքից, ինչ իրավական կարգավիճակ ունի Սալման Մուկաևը Հայաստանի Հանրապետությունում, նրա նկատմամբ քրեական գործ հարուցված է, թե՝ ոչ և և ինչ կարգավիճակով ու որտեղ է այժմ գտնվում Սալման Մուկաևը, և որ ամենակարևորն է՝ Հայաստանի Հանրապետությունն ինչ գործողություններ է պատրաստվում իրականացնել վերջինիս հետ։
Ներկայացված հարցմանը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռևս չի պատասխանել, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը հարցումը վերահասցեագրել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղից էլ, անձնական տվյալների պաշտպանւթյան մասին ՀՀ օրենքին հղում կատարելով, տեղեկատվության տրամադրումը մերժվել է։ Գտնում ենք, որ նման գաղտանապահությունը որևէ հիմնավորում կամ արդարացում չունի, որովհետև խոսքը վերաբերում է մարդու իրավունքի հնարավոր խախտմանը՝ արտահանձնելուն։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խիստ մտահոգված է, որ ՀՀ-ը կարող է Սալման Մուկաևին արտահանձնել Ռուսաստանին, որտեղ անխուսափելի է վերջինիս՝ վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգը։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, Սալման Մուկաևին չպետք է արտահանձնի Ռուսաստանի Դաշնությանը, քանի որ նա կարող է խոշտանգումների ենթարկվել, որի համար ուղղակի պատասխանատվությունը կկրի Հայաստանի Հանրապետությունը: Արտահանձնման դեպքում կարող են վտանգվել նաև Սալման Մուկաևի կյանքն ու առողջությունը, քանի որ իր հարցազրուցում նա նշել է անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու մասին։
ՀՀ Ոստիկանությունից պահանջում ենք հրապարակավ տեղեկատվություն տարածել Սալման Մուկաևի գտնվելու վայրի և կարգավիճակի վերաբերյալ և հայտնել, թե նրա արտահանձնման վերաբերյալ ինչ որոշում է կայացվել։
Կարծիքներ