Կրակոցներ Աբովյան քաղաքում. կա վիրավոր
Հունվարի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Տարտուի փողոցի 1-ին շենքի բակում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել ոստիկանության խմբերը:
Համայքների ոստիկանները պարզել են, որ այդ օրը նշված վայրից «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Արմեն Ա.-ն։
Համայնքային ոստիկանները մեկնել են հիվանդանոց, որտեղ տեղում բժիշկները հայտնել են, որ ժամը 21:45-ի սահմաններում «ձախ դաստակի 2-րդ մատի ջնջխված հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Արմեն Ա.-ն է։
Պարզվե է նաև, որ նա վնասվածքը ստացել է անզգուշաբար կրակելու արդյունքում՝ ատրճանակը փորձարկելիս, իսկ նրա տանը չհրկիզվող պահարանից ներկայացրել են զենքը՝ իր փամփշտատուփով, որի մեջ առկա է եղել 4 փամփուշտ, 2 կրակված փամփուշտ, ինչպես նաև 18 հատ մեկնարկային ատրճանակի փամփուշտ և «Մակարով» տեսակի ատրճանակը։
Վերջինս հայտարարել է, որ այն գտել է իրենց շենքի բակից, և վնասվածքը ստացել է ատրճանակը փորձարկելիս, իր անզգուշության հետևանքով ու որևէ մեկին դիտավորյալ վնասելու նպատակ չի ունեցել։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Կարծիքներ