Ադրբեջանի կառավարությունն ուղիղ պատասխանատվություն է կրում ԼՂ-ում 2 երեխայի մահվան համար. Էդմոն Մարուքյան
Ադրբեջանը պատանդ է պահում 120 000 էթնիկ հայի, այդ թվում` 30 000 երեխաների` նրանց կտրելով ամբողջ աշխարհից, արգելափակելով գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը և այդ մարդկանց սովամահ անելով:
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին:
Հաջիևը պնդել էր, թե Լաչինի միջանցքը բաց է, իսկ անցակետը կապ չունի ԼՂ-ում մահացած երեխաների ողբերգության հետ։
«Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում` հին ընտանեկան տեսանյութ տարածելով և փորձելով կոծկել իր երկրի և իր նախագահի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը: Ադրբեջանը պատանդ է պահում 120 000 էթնիկ հայերի, այդ թվում` 30 000 երեխաների` նրանց կտրելով ամբողջ աշխարհից, արգելափակելով գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը և այդ մարդկանց սովամահ անելով: Հենց սա էլ փորձում է թաքցնել Հաջիևն իր սուտ հայտարարությամբ:
ԼՂ բնակիչ երեխաները` 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան, մահացել են ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով: Ադրբեջանի կառավարությունն ուղիղ պատասխանատվություն է կրում այս հանցանքի համար»,- գրել է Մարուքյանը:
Կարծիքներ