COVID-19-ից ապաքինվածները կարող են կրկնակի վարակվել հարավաֆրիկյան շտամով. հետազոտություն
COVID-19-ից ապաքինված մարդկանց գրեթե 50 տոկոսը կարող է կրկնակի վարակվել հարավաֆրիկյան շտամով, նույնիսկ եթե նրանց օրգանիզմում հակամարմիններ կան: Բանն այն է, որ նոր շտամը օրգանիզմում է հայտնվում՝ շրջանցելով իմունային համակարգը: Այս մասին հայտնում են հարավաֆրիկացի գիտնականները՝ medRxiv պորտալում հրապարակված իրենց հետազոտության մեջ:
Նրանց խոսքով՝ միակցվող սպիտակուցի որոշակի հատվածում մուտացիան նոր շտամը դարձնում է հակամարմիններից խուսափելուն ունակ: Հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19 տարած մարդկանց արյան նմուշների 48 տոկոսը նոր մուտացիայի հանդեպ իմունային պատասխան ցույց չի տվել:
Հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Փենի Մուրը նշել է, որ նոր շտամներին իմունային արձագանքը կախված է օրգանիզմում հակամարմինների քանակությունից: Որքան դրանց մակարդակը բարձր է, այնքան փոքր է կրկնակի հիվանդանալու հավանականությունը, սակայն առավել հաճախ ուժեղ իմունիտետ է ձեւավորվում այն պացիենտների մոտ, որոնք հիվանդության ծանր ձեւով են հիվանդացել:
Վերջին հայտնագործությունների լույսի ներքո վիրուսաբաններից շատերը մտավախություններ ունեն պատվաստանյութի ազդեցության վերաբերյալ. նրանց խոսքով՝ եթե վիրուսի նոր շտամի մասնիկները զգայուն չլինեն գոյություն ունեցող եւ մշակվող դեղամիջոցների հանդեպ, ապա ինչ-որ ժամանակ անց ստիպված կլինեն մարդկանց կրկին պատվաստել:
Կարծիքներ