Ես տեղեկացված եմ Հայաստանի և ԼՂ նախկին նախագահների հանդիպումների բովանդակության մասին․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը: Այն ներկայացնում ենք ստորև.
«Ինտերֆաքս» – Շնորհակալություն հարցազրույցի համար: Սկսենք առաջին հարցից: Երեկ Դուք հայտարարեցիք այն մասին, որ գոնե այս փուլում Ղարաբաղյան հարցը չունի դիվանագիտական լուծում: Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Արդեն նվազագույնը երկու անգամ հրադադարի վերաբերյալ համաձայնությունը տապալվել է: Իհարկե, Ադրբեջանը դրանում մեղադրում է հայկական կողմին, որ այդ մենք ենք խախտել պայմանավորվածությունը: Բայց մենք գիտենք, թե որն է ճշմարտությունը: Դիվանագիտական լուծում նշանակում է փոխզիջում: Եվ խնդիրը նրանում է, որ ընդհանրապես բանակցային ամբողջ գործընթացի և մասնավորապես՝ բանակցային գործընթացի վերջին տարիների պատմությունը ցույց է տվել, որ եթե Հայաստանը հայտարարում է կամ ասում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը, թվում էր, մինչ այդ պահն ընդունելի է նաև Ադրբեջանի համար, բայց այն պահին, երբ Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանը պատրաստ է ինչ-որ փոխզիջման, իր համար այդ փոխզիջումը դառնում է անընդունելի: Այսինքն՝ ամեն անգամ այն պահին, երբ Հայաստանը փոխզիջման պատրաստակամություն է հայտնում, Ադրբեջանն ավելին է պահանջում: Եվ սա շարունակվում է արդեն 9 տարի կամ նույնիսկ՝ ավելի երկար ժամանակ: Ահա սա ես նկատի ունեմ՝ ասելով, որ քանի դեռ Ադրբեջանի այս դիրքորոշումը չփոխվի, ռեալ չէ խոսել դիվանագիտական լուծման մասին: Բայց Ադրբեջանի այս դիրքորոշումը փոխելու ուղղությամբ դիվանագիտական աշխատանք կատարելն անհրաժեշտ է: Դա դիվանագիտական աշխատանք է, և ես շատ բարձր եմ գնահատում այն ջանքերը, որ ներդնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունը:
«Ինտերֆաքս» – Տվյալ փուլում կարող ենք հավաստել, որ դիվանագիտական աշխատանքը շարունակվում է և կշարունակվի՞:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, իհարկե: Մենք արագ որոշակի լուծումների հանգելու կարիք ունենք: Բայց այս ժամանակամիջոցում, հատկապես՝ երկու տապալված պայմանավորվածություններից հետո՝ ես նկատի ունեմ Մոսկվայի պայմանավորվածությունը և դրանից հետո Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ պայմանավորվածությունը, երբ թվում էր, թե ամեն ինչ համաձայնեցված է, ես ուղղակի ռեալ չեմ համարում շուտափույթ դիվանագիտական լուծումը: Բայց դա չի նշանակում, որ ես դա չեմ ուզում, որ ես պատրաստ չեմ դրա համար ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը: Դա պարզապես Ադրբեջանի դիրքորոշմանն իմ օբյեկտիվ գնահատականն է: Ի դեպ, դա այնքան էլ Ադրբեջանի դիրքորոշումը չէ, ես կարծում եմ, որ դա ավելի շուտ, Թուրքիայի դիրքորոշումն է, որն արտացոլվում է Ադրբեջանի դիրքորոշմամբ:
«Ինտերֆաքս» – Երեկ Մոսկվայում էր գտնվում Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Կա՞ն ինչ-որ նոր պայմանավորվածություններ այդ այցի արդյունքներով: Եվ վաղը նախատեսված է Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի հետ: Ի՞նչ սպասելիքներ ունեք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Բայց, իհարկե, դիվանագիտական աշխատանք տարվում է, դիվանագիտական աշխատանքը կշարունակվի: Հայաստանը պատրաստ է եղել և պատրաստ կլինի փոխզիջումային որոշումներին:
«Ինտերֆաքս» – Ինչպիսի՞ զիջումների եք Դուք պատրաստ գնալ: Կարող է խոսք գնալ Ադրբեջնին 7 շրջանների հանձնման կամ Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտուց հայկական զինված ուժերի դուրս բերման մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Երբ հիմա ռազմական գործողություններ են ընթանում, բոլորովին տեղին չէ նման հարցեր քննարկել: Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը հիմա գտնվում են խրամատներում և հենց այս պահին ահաբեկչական խմբավորումների ուժերը, որոնք Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայի կողմից, և՛ վարձկանները, և՛ ահաբեկիչները կոնկրետ հարձակվում են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի վրա: Հասկանո՞ւմ եք այն մարդկանց վիճակը, ովքեր այնտեղ պայքարում են և ի դեպ՝ ոչ թե Ադրբեջանի դեմ, այսինքն՝ ոչ թե ադրբեջանական բանակի դեմ, այլ ահաբեկիչների դեմ: Եվ այս իրավիճակում պատկերացնո՞ւմ եք նրանց արձագանքը, երբ ես հիմա ասեմ, որ ահա, մենք պատրաստ ենք փոխզիջման գնալ այդ ահաբեկիչների հետ: Ես ասացի, որ մենք պատրաստ ենք փոխզիջման Ադրբեջանի հետ:
Եվ մեզ համար շատ կարևոր և սկզբունքային հարց է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Բայց այժմ այս ամբողջ գործընթացը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստից: Առաջին գործը, որ մենք պետք անենք, դա գործընթացը Լեռնային Ղարաբաղի թեմայով բանակցությունների հուն վերադարձնելն է: Ահաբեկիչների ներկայությունն կոնրկետ հետևանքներ կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև տարածաշրջանին մոտ երկրների համար: Ցավոք, չնայած, որ տարածաշրջանային երկրներն ուղիղ պաշտոնապես ընդունել են ահաբեկչական խմաբովորումների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, դեռևս նրանք չեն նախաձեռնել կոնկրետ հակաահաբեկչական քայլեր: Սա է այն հիմնական պահը, հիմնական խոչընդոտը, որ թույլ չի տալիս մեզ գալ դիվանագիտական լուծման:
Սկզբում պետք է լուծել ահաբեկիչների հարցը, քանի որ եթե նրանք հաջողություններ արձանագրեն այստեղ, նրանք կշարունակեն գնալ հարավ և հյուսիս: Քանի որ դա նրանց պրոֆեսիոնալ աշխատանքն է՝ ահաբեկել, ապակայունացնել և նրանց համար մեծ տարբերություն չկա որտեղ դա անել:
«Ինտերֆաքս» – Դուք ասացիք՝ լուծել ահաբեկիչների հարցը: Ինչպե՞ս: Մենք տեսնում ենք, որ տարբեր երկրների կամ կառույցների կողմից հայտարարությունները, արձագանքները շրջադարձային նշանակություն չեն ունեցել խնդրում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, օրինակ՝ հակաահաբեկչական օպերացիայի իրականացում: Սա մի տարբերակ:
«Ինտերֆաքս» – Միայն հայկակա՞ն կողմի ուժերով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ: Լեռնային Ղարաբաղի ուժերը դա անում են այնքանով, որքանով դա հնարավոր է: Գործնականում, նրանք հիմա պատերազմում են երեք ճակատով. Ադրբեջանի բանակի դեմ, Թուրքիայի բանակի դեմ և ահաբեկիչների դեմ: Բայց ես կարծում եմ, որ այս հարցի հասցեատերը միայն ես չեմ, քանի որ մենք, իհարկե, այդ հակաահաբեկչական գործողություններն ապահովում ենք այնքանով, որքանով դա հնարավոր է: Կարծում եմ, որ այստեղ պետք է խառնվեն երկրներ, որոնց ազգային անվտանգության համար այս իրավիճակն ունի կոնկրետ սպառնալիք:
«Ինտերֆաքս» – Այդ երկրների թվում կարո՞ղ ենք նկատի ունենալ Ռուսաստանը և Իրանը: Եվ, արդյոք Դուք նրանց հետ նման խոսակցություն ունեցել եք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, առաջին հերթին այստեղ շոշափվում են Ռուսաստանի շահերը: Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում նվազագույնը երկու դեպք է եղել, երբ Հյուսիսային Կովկասում իրականացվել են հակաահաբեկչական օպերացիաներ: Եվ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչներն ասել են, որ այս ահաբեկիչները ժամանել են Սիրիայից: Մինչ այդ Ռուսաստանի արտաքին հետախուզությունը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներկա են ահաբեկիչներ: Եվ այս երկու հայտարարությունները չեն կարող կապված չլինել միմյանց հետ: Հարցը հիմա նրանում է, թե արդյոք ռուսաստանյան ծառայությունները կսպասեն այդ ահաբեկիչների ժամանելուն, թե պետք է իրականացնել կանխարգելիչ քաղաքականութուն: Եթե ահաբեկիչները հաջողություն արձանագրեն Լեռնային Ղարաբաղում, դրանից հետո նրանք գործողությունների նոր պլացդարմ և նոր հարթակներ կփնտրեն: Դա պետք է որոշի Ռուսաստանի Դաշնությունը: Բայց այս հարցի կապակցությամբ մենք խորհրդակցություններ ենք ունեցել ռուսաստանյան գործընկերների հետ և իհարկե մեր տեսակետը հայտնել ենք:
«Ինտերֆաքս» – Ճի՞շտ եմ հասկանում, որ կանխարգելիչ գործողություններ կարող են իրականցվել ինչպես Լեռնային Ղարաբաղի տարածքում, այնպես էլ Ադրբեջանում: Կարո՞ղ ենք սա համարել երրորդ ուժերի հրավեր Ձեր կողմից՝ միջամտելու այս հակամարտությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պետք է հստակեցնել, թե ինչ է նշանակում երրորդ ուժեր, քանի որ մի կողմից՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցն է: Եվ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում հավատարիմ կլինի անվտանգության ոլորտում իր պարտավորություններին: Սա մի հարց է, որը հետագա դիտարկման կարիք ունի: Այստեղ կան շատ նյուանսներ: Ես ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը արդեն վաղուց դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի շրջանակից և գործնականում շատ օտարերկրյա գործընկերներ արդեն պաշտոնապես ընդունել, ճանաչել են, հաստատել են դա: Եվ ես կարծում եմ և հույս ունեմ, որ հետագա արձագանքը նույնպես կլինի այդ ոգու մեջ:
«Ինտերֆաքս» – Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ սկզբունքորեն դեմ չէ խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում, բայց առաջ կքաշի իր պայմանները: Կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցի կապակցությամբ: Ինչպիսի՞ երկրների համակազմ կարող է լինել խաղաղապահ ուժերում, ո՞ւմ գլխավորությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումը խաղաղապահների կազմի վերաբերյալ չեն համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ: Եվ եթե այստեղ պետք է խոսել փոխզիջումների մասին, ապա այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի հետ, և՛ Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի առնել տարածաշրջանի մյուս երկրների կարծիքը, կարևոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե՝ հակառակը:
«Ինտերֆաքս» – Ալիևը նաև հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում ոչ մի հանրաքվե լինել չի կարող, բայց չբացառեց մշակութային ինքնավարության հնարավորությունը: Կխնդրեի Ձեր մեկնաբանությունները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ դիրքորոշման մեջ ոչ մի նոր բան չկա: Sա դիրքորոշում է, որը բարձրաձայնվում է վերջին 15 կամ 20 տարիների ընթացքում: Այն ընդունելի չէ մեզ համար: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանված և հարգված լինի:
«Ինտերֆաքս» – Պատրա՞ստ եք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, տարվո՞ւմ են նախապատրաստական աշխատանքներ և հրավեր ստացե՞լ եք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պաշտոնական հրավեր չի եղել: Բայց ես այսպես եմ հասկանում, որ և՛ Ալիևը, և՛ ես հաստատել ենք մեր պատրաստակամությունը հանդիպել և փորձել հասնել այս իրավիճակի դիվանագիտական լուծմանը: Իհարկե, ես պատրաստ եմ, բայց պետք է, որպեսզի այդ հանդիպման արդյունավետության համար անհրաժեշտ նախադրյալներ լինեն:
«Ինտերֆաքս» – Որտե՞ղ կարող է տեղի ունենալ հանդիպումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մոսկվայում:
«Ինտերֆաքս» – Ի՞նչ պայմաններում: Երևանի տեսնկյունից ի՞նչ են նշանակում բովանդակային բանակցություններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա նշանակում է Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծում:
«Ինտերֆաքս» – Դա Լեռնային Ղարաբաղի անկախությո՞ւնն է, թե՞ Հայաստանին միավորումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգանքը և իրավունքի պաշտպանությունն է:
«Ինտերֆաքս» – Հնարավոր համարո՞ւմ եք բանակցությունների ձևաչափի փոփոխությունը: Հնարավո՞ր է Թուրքիայի ներգրավումը բանակցային գործընթացին, ինչը պնդում է Ադրբեջանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա շատ տարօրինակ դիրքորոշում է: Քանի որ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից ընդունվել է հայտարարություն և այնտեղ հստակորեն արձանագրվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը չի փոխվելու: Բանակցությունները պետք է շարունակվեն այդ ձևաչափով: Ես ասում եմ չէ՞, որ ամեն անգամ Ադրբեջանը փոխում է դիրքորոշումը: Մոսկվայում այդ հարցը համաձայնեցվել է համատեղ հայտարարությամբ, բայց երկու օր հետո Ադրբեջանը կրկին հայտարարել է, որ Թուրքիան պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համնախագահ: Թվում էր, թե հարցը լուծված է, հայտարարություն է եղել, հարցը փակված է, բայց այն կրկին բացվում է: Այս իրավիճակում ի՞նչպես է հնարավոր այդ աշխատանքներն արդյունավետ իրականացնել, երբ ամեն րոպե Ադրբեջանը փոխում է արդեն համաձայնեցված դիրքորոշումները և հարցերը:
«Ինտերֆաքս» – Դուք հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հաշտեցումը ինչ-որ փուլում, թե արդեն ամեն ինչ կորսված է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը առանց որևէ նախնական նախապայմանների: Իհարկե, այս իրադարձությունները, այս պատերազմը լարվածություն է ավելացնում հարաբերություններում, բայց, ինչպես Ադրբեջանի դեպքում ենք պատրաստ դիվանագիտական երկխոսության, այնպես էլ՝ Թուրքիայի դեպքում:
«Ինտերֆաքս» – Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և շատ ակտիվորեն պաշտպանում է Ադրբեջանին: Արդյոք այս հակամարտության աճը կարող է բերել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի առճակատման:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Չեմ կարծում, որ դա հնարավոր է, քանի որ ակնհայտ է, որ Թուրքիան այստեղ չի մասնակցում որպես ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, այլ որպես երկիր, որն ապակայունացնող դեր է խաղում ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև այն երկրների հետ, որոնք հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ: Օրինակ՝ Հունաստանը: Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, բայց Թուրքիան անընդհատ իրականացնում է քայլեր, որոնք ավելացնում են և ստեղծում են լարվածություն Հունաստանի հետ հարաբերություններում:
«Ինտերֆաքս» – Կարծո՞ւմ եք, որ Ռուսաստանը կարող էր համոզել Թուրքիային՝ չխառնվել Ղարաբաղյան հակամարտությանը: Դուք Ռուսաստանի նախագահի հետ քննարկե՞լ եք այս հարցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանյան ներկայացուցիչները այս հարցի կապակցությամբ մի անգամ չէ, որ ձևակերպել են իրենց դիրքորոշումը: Որքան համոզիչ կլինեն քայլերը կամ ՌԴ դիրքորոշումը, դա արդեն այլ հարց է: Ես արդեն ասացի, որ այս իրավիճակն արդեն դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի սահմաններից: Սա արդեն ավելի լայն խնդիր է և այն վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին, այլ նաև վերաբերում է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններին, մասնավորապես, մեր տարածաշրջանում: Այստեղ շատ բան է որոշվում և կախված ինչ որոշումների և իրավիճակի մենք կհանգենք, դա կոնկրետ հետևանքներ կունենա ոչ միայն Հարավային Կովկասի երկրների համար, այլ նաև շատ այլ երկրների համար: Այդ երկրները պետք է իրավիճակն ընդունեն հենց այդ տեսանկյունից: Անհրաժեշտ է հաշվի նստել այն պոտենցիալ հետևանքների հետ, որոնք անխուսափելիորեն կլինեն: Եվ անհրաժեշտ է, որպեսզի կոնկրետ քայլեր ձեռնարկվեն, որոնք կկանխեն այն բացասական հետևանքները, որոնք թվում են անխուսափելի, եթե պրոցեսներն ընթանան բացասական սցենարով:
«Ինտերֆաքս» – Ռազմական գործողությունների էսկալացիայի և դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով տեղափոխման դեպքում Դուք մտադի՞ր եք դիմել ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք արդեն տեղեկացրել ենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին ընթացիկ իրավիճակի մասին: Ռուսաստանը հայտարարել է, որ Մոսկվան հավատարիմ կլինի պայմանագրային այն պարտավորություններին, որոնք ունի Հայաստանի հանդեպ անվտանգության ոլորտում: Եթե իրավիճակն այդպես զարգանա, իհարկե, Հայաստանն այդ հարցով կդիմի ՀԱՊԿ-ին, կամ հնարավոր է՝ ուղիղ Ռուսաստանին:
«Ինտերֆաքս» – Վերջին քայլը, որից հետո բանակցություններին վերադարձ չի լինի, դա Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է: Ե՞րբ կլինի այդ կարմիր սահմանագիծը, որից հետո Դուք դա կանեք: Եվ, ի դեպ, երեկ, Թուրքիայի փոխшնախագահ Ֆուադ Օկտայը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը պաշտոնապես իրենց դիմի օգնության համար, ապա նրանք կարող են և զորքեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նրանք արդեն ուղարկել են իրենց զորքը: Եվ դա ընդամնեը պաշտոնական և ոչ պաշտոնական ձևակերպումների հարց է: Եվ Ֆուադ Օկտայի հայտարարությունը Թուրքիայի պատասխանն է այս տարածաշրջանում ռուսաստանյան խաղաղապահների ներկայության հարցի հետ կապված քննարկումներին:
Հայաստանը նպատակ չի դրել լինել միակ երկիրը, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մեր նպատակն է, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
«Ինտերֆաքս» – Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները վերջին օրերին անցկացնում են ակտիվ հանդիպումներ: Դուք ինչ-որ ձևով ներգրավվա՞ծ եք այդ գործըթնացում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես տեղեկացված եմ այդ հանդիպումների բովանդակության մասին: Լեռնային Ղարաբաղի երկրորդ և երրորդ նախագահները ինձ հետ կապի մեջ են եղել, տեղեկացրել են քննարկումների և նպատակների մասին:
«Ինտերֆաքս» – Դուք օգտակա՞ր եք համարում այդ հանդիպումները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես դրանք վնասակար չեմ համարում:
«Ինտերֆաքս» – Եթե շատ հակիրճ, որտե՞ղ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Լուծման բանալին փոխզիջումն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահների ակտիվ ներգրավվածությունը կարգավորման գործըթնացում, և մասնավորապես՝ Ռուսաստանի:
«Ինտերֆաքս» – Ի՞նչպես է պատերազմն ազդել տնտեսության վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պատերազմը երբեք լավ չի անդրադառում տնտեսության վրա: Այն բացասական ազդեցություն ունի:
«Ինտերֆաքս» – 2021թ. Հունվարից Հայաստանը Թուրքիայից ապրանքների ներկրման վրա արգելք է դրել: Հրապարակված ցանկի համաձայն՝ այնտեղ տարբեր ոլորտների մեծ թվով անուն ապրանքներ են ընդգրկված: Որքա՞ն բացասական ազդեցություն կունենա այն հայկական տնտեսության վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք հույս ունենք, որ դրական ազդեցություն կունենա: Դա շատ կարևոր քաղաքական որոշում է: Մեր տնտեսությունը պետք է արձագանքի Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությանը:
«Ինտերֆաքս» – Ռուսաստանից ակնկալո՞ւմ եք օգնություն, եթե՝ ոչ ռազմական, ապա՝ ֆինանսական մասով: Կարո՞ղ է Ռուսաստանից օժանդակություն լինել, ասենք՝ վարկի տրամադրման, կամ էներգակիրների արտոնյալ գների տեսքով: Մինչ հակամարտությունը, Դուք բանակցություններ էիք վարում գազի գնի նվազեցման ուղղությամբ: Արդյոք այս հարցերը քննարկվել են Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ Երևան այցի ժամանակ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, քննարկել ենք տնտեսական հարցեր: Հիմա մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը և վստահ եմ, որ հետագայում էլ այն կզգանք և Ռուսաստանը մեզ կաջակցի այնտեղ, որտեղ այն հնարավոր է:
Կարծիքներ